Մատչելիության հղումներ

ՄՃԽ-ն՝ հայաստանյան հանրաքվեի մասին


Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցել է լուրջ օրինախախտումներով՝ կասկածելի անվանելով ընտրողների 65 տոկոս մասնակցությունը:

«Մեր դիտորդների աչքի առջեւ Երեւանի երեք ընտրատեղամասերում 45 րոպեի ընթացքում քվեարկել է ոչ ավելի, քան 10 ընտրող, - «Թրենդ» գործակալությանը ասել է Ֆրեյզերը՝ ավելացնելով. - «Հայաստանը պետք է շտապ կարգով բարեփոխի իր ընտրակարգը։ Առաջիկայում 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրություններն են»:

Անդրադառնալով ղարաբաղյան համակարտության կարգավորման վրա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի ազդեցությանը՝ Ֆրեյզերը նշել է, որ երկու երկրներում էլ բնակչությունը հիմնականում անտարբեր է քաղաքական գործընթացների նկատմամբ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ բնակչությունը կորցրել է հույսը, թե կարող են ապրել եվրոպական ժողովրդավարության սկզբունքներով հասարակությունում:

«Հնարավոր չէ խաղաղության հասնել՝ տարածաշրջանում ապրող մարդկանց ցանկություններին հակառակ: Թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի իշխանությունների համար շատ կարեւոր է բացատրել իրենց քաղաքացիներին, թե որ փուլում են գտնվում բանակցությունները, խաղաղ կարգավորման որ տարբերակն է առավել ընդունելի եւ ինչ քայլեր է պետք ձեռնարկել այն իրագործելու համար», - հայտարարել է փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG