Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հայտարարում է, որ իրավասու չէ չեղյալ ճանաչել հանրաքվեի արդյունքները


Չորեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), ի պատասխան ընդդիմության ներկայացրած պահանջի՝ 72 ժամվա ընթացքում չեղյալ հայտարարել նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, պարզաբանել է, որ ԿԸՀ-ն նման իրավասություն չունի:

«Համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետի, հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում՝ արդյունքների հրապարկման պահից 7-օրյա ժամկետում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԿԸՀ-ի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Միացյալ ընդդիմությունից Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պարզաբանեց, որ այդ 72 ժամը ընդդիմությունը տվել է ոչ թե ԿԸՀ-ին, այլ՝ ընդհանրապես իշխանություններին:

«Դա տրված է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, դա տրված է ամբողջ իշխանությանը: Թող իրենք գտնեն իրավական ձեւերը՝ այդ հարցերը լուծելու», - ասաց Մանուկյանը: - «Իրենք պետք է քաղաքական որոշում գտնեն, ու այդ քաղաքական որոշումը իրականացնեն իրավական ձեւերով... Թող իրենք մտածեն, դա իրենց գլխացավն է»:

«Ինչ վերաբերում է մեզ, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը չի ներելու այս լկտի ցինիկությունը, այս պետական, ազգային դավաճանությունը, որ իր աչքի առջեւ է եղել», - շարունակեց Վազգեն Մանուկյանը: - «Մենք կազմակերպելու ենք ամբողջ ժողովրդին՝ կոլեկտիվ առ կոլեկտիվ, շենք առ շենք, ուսանողություն, մտավորականություն, եւ բոլորը պետք է տեր կանգնեն: Եվ սրանից չի պրծնելու Ռոբերտ Քոչարյանը»:

«Ես չեմ հավատում, որ իշխանությունը այն բարոյական ուժը ունի եւ քաղաքական կամքը, որպեսզի վերանայի իր որոշումները», - հարցին, թե հավատո՞ւմ են ընդդիմադիրները, որ իշխանությունները կարող են անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները: - «Բայց ես համոզված եմ, որ այդ կամքը ունի մեր ժողովուրդը... Եվ այդ պրոցեսը գնալու է, եւ կամաց-կամաց իշխանությունը հայտնվելու է օրենքից դուրս»:

«Լավ կլինի, որ ժողովուրդը դուրս գա փողոց. մի օր դա շատ մեծ նշանակություն կունենա: Բայց կարեւոր է նաեւ, որ ժողովուրդը կազմակերպվի. հիմա մենք ինչ-որ ձեւեր գտնում ենք, թե ոնց կարելի է ժողովրդին համախմբել այս պահանջի շուրջը ոչ միայն հանրահավաքի միջոցով, այլ թաղ առ թաղ, շենք առ շենք», - ասաց ԱԺՄ նախագահը՝ փաստարկելով. - «Որովհետեւ սա ապտակ էր ամբողջ մեր ժողովրդին»:

Վազգեն Մանուկյանի կարծիքով, Հայաստանում «կրիտիկական մասսան» արդեն կա. - «2,5 միլիոն, 3 միլիոն մարդ ունենք, որոնք վրդովված են էս ամեն ինչով: Եվ իրենք պետք է մասնակից լինեն այս ամեն ինչին»:

ԱԺՄ նախագահը նաեւ ասաց, որ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում իրենք չեն վիճարկելու՝ պարզապես ի գիտություն կներկայացնեն իրենց կողմից արձանագրած խախտումները:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի փոխանցմամբ, իրենք վերջնագիրը ներկայացրել են ԿԸՀ-ին, որովհետեւ վերջինս է կազմակերպել ընտրությունները: Բայց, բնականաբար, վերջնագիրն ուղղված է իշխանություններին:

«ԿԸՀ-ի անդամների համար այս երեք օրը կարող է առիթ լինել կատարված հանցագործությունից հետ կանգնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սուրենյանցը:

Մինչ իշխանությունները այս 3 օրերի ընթացքում կմտածեն, ընդդիությունը, ըստ Սուրենյանցի, պարապ չի նստելու. փորձելու է «դեմոկրատական շարժմանը կազմակերպչական տեսք տալ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG