Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթ առանց Հոլիվուդի


Փառատոնի կազմակերպիչը՝ Եվրոպական հանձնաժողովը, ֆիլմերի ընտրությանը չի մասնակցել. այդ գործն իրենց վրա են վերցրել Հայաստանում Եվրամիության բոլոր երկրների դեսպանատները:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանն ասում է, որ առայժմ հնարավոր չէ փառատոնում ընդգրկել Եվրամիության բոլոր երկրներին՝ նախ հեռավորությունն է իր գործն անում, բացի այդ ոչ բոլոր երկրները մեզ մոտ դեսպանատուն ունեն: Թեպետ Իսպանիան առանց դեսպանատան էլ մասնակցում է փառատոնին:

Փառատոնին նաեւ օսկարակիր ֆիլմեր են մասնակցում: Օրինակ, «Ծովը ներսում» իսպանական ֆիլմը, որ դեկտեմբերի 7-ին է ցուցադրվելու: Ցուցադրվելիք ֆիլմերի շարքում են նաեւ իտալացի Բելինիի «Փինոքիոն», լեհ Բագինսկու «Տաճարը», ֆրասիացի Ֆորշեի «Ասեղնագործողները»:

Այս տարի առաջին անգամ փառատոնը անցկացվելու է նաեւ Գյումրիում: Տեղի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, սակայն, ոչ բոլոր ֆիլմերն են ցուցադրվելու: Անահիտ Ազատյանը սա ամենից առաջ բացատրում է նրանով, որ նպատակահարմար չեն գտել Գյումրիում ցուցադրել չթարգմանված ֆիլմերը:

«Բնականաբար, չէինք կարող ցուցադրություն ունենալ դեկտեմբերի 7-ին»,֊ - պարզաբանում է մամուլի պատասխանատուն:

Երեւանում, ի դեպ, ֆիլմերը ցուցադրվելու են ե’ւ բնագրի լեզվով, ե’ւ հայերեն ու ռուսերեն թարգմանությամբ: Ի տարբերություն Գյումրիի, Երեւանում մուտքը կինոդահլիճ վճարովի է՝ 500 դրամ: Փառատոնի ողջ հասույթը, ինչպեսեւ նախորդ տարի, ուղղվելու է բարեգործությանը:

«Անցած անգամ ծերանոցի համար կահույք գնեցինք, հիմա դեռ չենք որոշել: Տեսնենք, թե ինչքան գումար կհավաքվի», - ասաց Ազատյանը:

Եվրոպական ֆիլմերի փառատոնը անցկացվելու է դեկտեմբերի 1-ից 8-ը Երեւանում եւ 3-6-ը Գյումրիում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG