Մատչելիության հղումներ

Գառնիկ Իսագուլյան. «Որեւէ հակաօրինական գործողություն անպայման կասեցվելու է իշխանությունների կողմից»


Անդրադառնալով սահամանադրական հանրաքվեին ընդամենը 336 հազար քաղաքացիների մասնակցության վերաբերյալ միացյալ ընդդիմության ներկայացրած թվերին՝ Հայաստանի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը այսօր հայտարարել է, թե միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) է հրապարակում թվեր, իսկ այլ թվերը հակաօրինական են եւ որեւէ իրավական ուժ չունեն:

«Սուտ է, թե այդ թվերը ներկայացրել են ընդդիմության դիտորդները, որոնք, իբր, աշխատել են ամբողջ օրը: Ինչ-որ մարդիկ հավաքում են մի քանիսի [դիտորդների], ովքեր տղամասերում էլ չեն եղել եւ ինչ-որ թվեր են հրապարակում», - «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած բանավեճի ընթացքում հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը եւ ավելացրեց. - «Մենք ունենք մի տվյալ՝ ԿԸՀ-ի, ունենք մոտ 2 հազար տեղամասային ընտրական հաձնաժողովներ, որոնցում ներկայացված որեւէ դիտորդից մինչեւ օրս բողոք չկա»:

Գառնիկ Իսագուլյանը նաեւ նշեց, որ որեւէ հակաօրինական գործողություն անպայման կասեցվելու է. - «Մենք հանդարտության եւ օրենքի շրջանակներում գործելու հստակ կոչ ենք անում: Որեւէ մեկին իրավունք տրված չէ մեկ ուրիշի իրավունքները ոտնահարել, իշխանությունները սա ուղղակի թույլ չեն տա»:

«Ընդդիմության փորձում է ժողովրդին հրահրել ինչ-որ գործողությունների: Նրանց ծրագրերը մեզ հայտնի են, ընդհուպ՝ նրանք զոհ են ուզում, որ հետո կարողանան էդ զոհը շահարկելով ինչ-որ բան ասել», - նշեց նախագահի խորհրդականը:

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը իր ընդդիմախոսի այս հայտարարությունը «սադրանք» որակեց:

«Որեւէ զոհի մասին խոսք չկա, դա իշխանության ծրագրերն են: Կարծում եմ, եթե ընդիմությանը հաջողվի հավաքել կրիտիկական զանգված եւ փորձել հարցը լուծել, իշխանությունը ուժ չի կիրառելու, որովհետեւ ռեսուրս չունի», - հայտարարեց Արամ Կարապետյանը:

Իսկ նախագահի խորհրդականի այն համոզմունքին, թե ընդդիմությանը երբեք չի հաջողվի հավաքել «կրիտիկական զանգված»՝ որքան էլ այն լինի՝ 1 միլիոն, 2 կամ 6 միլիոն, Արամ Կարապետյանը պատասխանեց. - «Մենք ձեր թվերը չեն կարող նկարել, համեստ ենք՝ 30-50 հազարը բավական է»:


Աստղիկ Բեդեւյան եւ Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG