Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ԿԸՀ-ից պահանջել է անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները


Միասնական ընդդիմությունը երեքշաբթի օրը Մատենադարանի առջեւ հավաքված հանրահավաքականներին տեղեկացրեց, որ «քաղաքական փաստաթուղթ» է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով անվավեր ճանաչել նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

«Միացյալ ընդդիմությունը այսօր քաղաքական փաստաթուղթ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ պահանջել է 72 ժամվա ընթացքում հանրաքվեի արդյունքները համարել անվավեր», - հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Մինչեւ ուրբաթ օրը հրավիրված հանրահավաքը 72 ժամ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 72 ժամ ունենք մենք»:

Շարունակելով՝ Արամ Սարգսյանը ասաց, որ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը օրինական է:

«Եվ այդ պահանջի կապակցությամբ մեզ աջակցում է համաշխարհային ժողովրդավարությունը», - հավաստիացրեց նա՝ ասելով, թե «անխուսափելի», «դեմոկրատական, խաղաղ» հեղափոխությունը Հայաստանում լինելու է «ամենացիվիլը». - «Մենք խնդիրը լուծելու ենք քաղաքական ճանապարհով եւ քաղաքական ճանապարհով հասնելու ենք հաղթանակի: Եթե իրենք խնդիրները փորձում են լուծել իրենց համար ձեռնտու կրիմինալ ուղիներով, դա չի նշանակում, որ մենք էլ պիտի դառնանք կրիմինալ»:

Նա փոխանցեց, որ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ մարդիկ ստորագրություններ են բերում, որ չեն մասնակցել հանրաքվեին՝ վստահեցնելով, որ շուրջ մեկ միլիոն այդպիսի ստորագրություն է հավաքվելու:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով, օրեցօր բարդացող խնդիրը պետք է լուծել միասնական ջանքերով. - «Եթե մեկը սպասում է, որ մեկ քայլանոց մատ է լինելու՝ չի լինելու մեկ քայլանոց մատ»:

Մանուկյանի համոզմամբ, թիվ մեկ խնդիրը հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարվելուն հասնելն է. - «Երբեք դեռ այսպես բացահայտ չի եղել մեր ժողովրդին, որ կեղծված են ընտրությունները»:

Հաջորդ՝ ավելի դժվար խնդիրը, ըստ Մանուկյանի, իշխանությունների հրաժարականն է: Իսկ ամենամեծ խնդիրը «նոր Հայաստանը կառուցելն է»:

«Մենք երբեմն իրար հետ խոսելով անվանում ենք այն Չորրորդ Հանրապետություն: Երեքը տեսել ենք՝ չորրորդն ենք ուզում տեսնել: Հանրապետություն, որտեղ մարդն ապրում է հպարտ, հանրապետություն, որտեղ պահպանվում են մեր իրավունքները», - նկարագրեց նա:

Խոսելով իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների մասին՝ ԱԺՄ նախագահը ասաց. - «Ես այդ մարդկանց հետ անցել եմ ճանապարհ... Կային պայծառ մարդիկ. օրեցօր խամրում են: Իսկ այս հանրաքվեից հետո մարդ չի մնացել մեջները»:

«Արդարություն» դաշինքի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում հայտարարեց, որ իրականում ժողովուրդը բոյկոտել է հանրաքվեն ու դրանով իսկ «ոչ» ասել իշխանություններին, «ստին, կեղծիքին, անօրինականություններին»:

«Այս ամենը չի կարող կոտրել մեր կամքը», - վստահեցրեց նա: - «Այս ռեժիմը դատապարտված է: Այս գործընթացը մենք հասցնելու ենք մինչեւ վերջ»:

«Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նշեց, թե երեկ այս հանրահավաքն արգելելու որոշումը իշխանությունների խուճապահար լինելու նշան է. - «Մեր այս պարբերական հանրահավաքների արդյունքում մենք պահանջելու ենք անվավեր ճանաչել ժողովրդի կամքին հակառակ կայացած, այսպես կոչված՝ հանրաքվեն, եւ չկասկածել, որ մեր միասնականության արդյունքում հաղթանակը մերն է լինելու»:

Մշակույթի գործիչներից ելույթ ունեցան Երվանդ Մանարյանն ու Օհան Դուրյանը:

«Չի կարելի հանդուրժել այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ», - ասաց Մանարյանը: - «Չի կարելի հանդուրժել, որ մենք գնանք տուն եւ հեռուստատեսությամբ լսենք, որ մեր բոլոր հարեւանները գնացել են եւ քվեարկել են՝ այն դեպքում, երբ գիտենք, որ նրանցից ոչ մեկը չի գնացել»:

«Պիտի ազատենք ձեր երեխաները այս ստրկությունից», - ասաց Օհան Դուրյանը: - «Եթե պետք է՝ նստադուլի կնստեմ, եթե պետք է՝ անգամ հացադուլի կնստեմ»:

Հարթակի վրա էին նաեւ ընդդիմադիր այլ առաջնորդներ, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հանրահավաքն ավատվեց առանց միջադեպերի՝ եթե չհաշվենք խոսափողերի՝ պարբերաբար շարքից դուրս գալը:

Մարդիկ հանրահավաքի էին եկել եռագույններով եւ նարնջագույն դրոշների վրա պատկերված «ոչ»-երով: Հատուկենտ մարդիկ դեղին կամ նարնջագույն շարֆերով էին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG