Մատչելիության հղումներ

«Ընտրությունն քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները արձանագրել են «լուրջ խախտումներ»


Ընտրությունները դիտարկող հայաստանյան ամենախոշոր՝ «Ընտրությունը քոնն է» կազմակերպության գնահատականով, նոյեմբերի 27-ին արձանագրված լուրջ խախտումները, անօրինական քվեարկության բազմաթիվ դեպքերը, լցոնումները, ինչպես նաեւ հանձնաժողովների կողմից օրենքը շրջանցելու դիտավորությունը թույլ չեն տալիս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքը գնահատել որպես ժողովրդավարական եւ միջազգային չափանիշների համապատասխանող:

Կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը ընտրակարգի խախտման բազմաթիվ փաստեր ներկայացրեց տեղական դիտորդների կազմած 12 էջանոց զեկույցից:

Կազմակերպության դիտորդները արձանագրել են, որ մի շարք տեղամասերում ընտրողները քվեարկել են ուրիշի անձնագրերով, սոցիալական քարտերով, խորհրդային նմուշի եւ արտասահմանյան անձնագրերով եւ նույնիսկ անձնագրային բաժնի պետի ստորագրությամբ տված տեղեկանքներով:

Մի շարք տեղամասերում հանձնաժողովների անդամներն իրենք են խախտել օրենքն ու ցուցակներում ստորագրություններ ավելացնելով՝ լցոնումներ կատարել: Ընդհանուր առմամբ, Հարություն Համբարձումյանի գնահատմամբ, նոյեմբերի 27-ին լցոնումների թիվն ավելի շատ է եղել, քան 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:

Դիտորդները արձանագրել են նաեւ, որ հանձնաժողովների մեծ մասն աշխատել է լրիվ կազմով, մինչդեռ հանձնաժողովների նախագահները այդպես էլ չեն կարողացել պատասխանել դիտորդների հարցին, թե ովքեր են «Արդարության» եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները: Հարություն Համբարձումյանի գնահատմամբ, ընտրական հանձնաժողովների աշխատանքները բոյկոտող անդամները հավանաբար լրացվել են այլ՝ նշված խորհրդարանական խմբերը չներկայացնող անդամներով, ինչը եւս օրենքի խախտում է:

«Չնայած տեղամասերում տիրող թվացյալ խաղաղ եւ հանգիստ մթնոլորտին, մեր 4000 դիտորդները աշխատել են բավական լարված իրավիճակում», - ասաց «Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահը: - «Ավելի քան 10 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները խախտել են օրենքն ու դիտորդներին հնարավորություն չեն տվել իրանակացնել իրենց պարտականությունները»:

Հարցին, թե արդյո՞ք նշված խախտումները կարող էին ազդել հանրաքվեի վերջնական արդյունքի վրա, Հարություն Համբարձումյանը պատասխանեց. - «Դրանք, իհարկե, ազդել են հանրաքվեի արդյունքների վրա: Թե որքանով՝ թող որոշի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, մինչդեռ, այսօր հայտարարեց, որ հանրաքվեն կազմակերպվել եւ ընթացել է այնպիսի օրինակելիությամբ, որը նախանձելի պիտի լինի ե'ւ տարածաշրջանի, ե'ւ բազմաթիվ այլ երկրների համար:

Հարկ է նշել, որ կուսակցությունը այս եզրակացությանը հանգել է դիտորդական առաքելություն իրականացնելով հանրապետության ընդամենը 53 ընտրատեղամասերում: Կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրենց եզրակացությունը չի տարածվում մնացած ավելի քան հազար տեղամասերում անցած քվերակության վրա, որ ինքը վերապահումով է վերաբերում մասնակցության թվերին: Ուրիխանյանը, այդուամենայնիվ, վստահ է, որ հանրաքվեի արդյունքները չի կարելի կասկածի տակ առնել:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG