Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Հանրային հեռուստաընկերությունը աղավաղում է իմ արտահայտած մտքերը»


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը երեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ պնդում, որ նոյեմբերի 27-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իր արտահայտած մտքերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ «աղավաղվում եւ անընդհատ եթեր են հեռարձակվում «Հայլուր» լրատվական ծրագրով»:

«Նորություն չէ, որ Հանրային հեռուստաընկերությունը վաղուց ի վեր, խախտելով պետական բոլոր օրենքները, զբաղված է ոչ թե բնակչությանը անաչառ տեղեկատվությամբ ապահովելով, այլ ուղղակի ծառայում է իշխանության որոշակի նպատակների իրականացմանը: Ցավոք սրտի, ամբողջ Հայաստանում հեռուստաընկերությունները դարձել են մեկ կենտրոնից ուղղորդվող ընկերություններ, եւ այսօր ժամանակակից Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը` խոսքի ազատության պակասն է», - գրում է ԱԺՄ նախագահը: - «Գաղտնիք չէ նաեւ, որ պաշտոնական լրատվության հիմնական նպատակներից մեկն էլ սեպ խրելն է ոչ միայն ընդդիմադիր, այլեւ հասարակական տարբեր ուժերի միջեւ՝ բաժանիր որ տիրես սկզբունքով»:

Անդրադառնալով նոյեմբերի 27-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսին, Վազգեն Մանուկյանը հայտարարում է. - «Այստեղ զավեշտն այն է, որ ոչ միայն դիտավորություն կա, այլեւ` անգրագիտություն: Այն հարցին, թե ինչո՞ւ են ընդդիմադիր տարբեր ուժեր տարբեր ասուլիսներ տալիս, ես հիշատակել եմ Ֆրանկոյի խոսքերը, այն է` երբ Ֆրանկոն գնում էր Մադրիդը գրավելու` ասաց. «4 շարասյունով գնում ենք, իսկ 5-րդ շարասյունը ներսում է»: Այսինքն` դրանք այն մարդիկ են, ովքեր Մադրիդում գտնվելով զորակից են Ֆրանկոյին: Տվյալ դեպքում Մադրիդը` իշխանությունն է, եւ իշխանության մեջ, իհարկե, կան մեր ծպտյալ եւ բացահայտ համախոհները: Ինչ վերաբերում է 4 շարասյանը, ապա դա ընդդիմությունն է»:

«Օգտվելով առիթից` դարձյալ կրկնում եմ` ընդդիմությունն երբեք այսքան միասնական չի եղել, ինչպիսին այսօր է», - եզրափակում է Վազգեն Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG