Մատչելիության հղումներ

ԿՀՎ-ի ինքնաթիռը կրկին վայրէջք է կատարել Բաքվում


Բաքվի «Էխո» թերթը հաղորդում է, որ օրերս Բաքու է ժամանել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի օպերացիաների համար նախատեսված DeHavilland Dash 8-315B ինքնաթիռը:

Վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմին՝ «Հյուրիեթ»-ը հաղորդել է, որ Ամստերդամից Բաքու չվերթի ճանապարհին ԿՀՎ ինքնաթիռը «տեխնիկական վայրէջք» է կատարել Ստամբուլի օդանավակայանում:

«Էխո»-ի վկայությամբ, ինքնաթիռը «սպասարկում է» տարբեր երկրներում ԿՀՎ-ի գաղտնի բանտերը՝ ահաբեկչության մեջ կասկածվող կալանավորների գաղտնի տեղափոխումների համար, եւ սա առաջին դեպքը չէ, երբ ինքնաթիռը վայրեջք է կատարում Բաքվում:

Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները անցած շաբաթ հայտարարել էին, որ անհրաժեշտ է հստակցել ԿՀՎ-ի գաղտնի բանտերի շուրջ իրավիճակը: Ի թիվս երկրների, որտեղ առկա են ԿՀՎ գաղտնի բանտերը, նշվում են Ռումինիան, Լեհաստանը եւ Ադրբեջանը:

«Արբանյակներից արված լուսանկարների վերլուծությունը թույլ կտա հաստատել կամ հերքել ԿՀՎ գաղտնի բանտերի առկայությունը Ռումինիայում եւ Լեհաստանում», - հայտարարել էր Եվրախորհրդում իրավական կոմիտեի նախագահ, շվեյցարացի պատգամավոր Դիկ Մարտին:

Ադրբեջանում հայտնի իրավապաշտպաններ եւ քաղաքական գործիչներ «Էխո» թերթին կարծիք են հայտնել, թե անհրաժեշտ է նախ պարզել Ադրբեջանում նման գաղտնի բանտի առկայության փաստը, եւ պարզել, թե իրո՞ք այդ ինքնաթիռը «թռչող բանտ է»: Նրանց կարծիքով, եթե Եվրախորհրդի վերլուծության արդյունքում պարզվի, որ Ադրբեջանում իրոք կան գաղտնի բանտեր, ապա անհրաժեշտ կլինի պարզել՝ ԵԽ որ կոնվենցիաներն է խախտել Ադրբեջանը: Եվ նույնիսկ այդ դեպքում, ըստ փորձագետների, դա դեռ չի նշանակի, որ Ադրբեջանը ԵԽ-ում կարող է կորցնել ձայնի իրավունքը կամ ընդհանրապես զրկվել կազմակերպության անդամակցությունից:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG