Մատչելիության հղումներ

Փորձ է արվում ընդդիմության որոշ ուժերին սպառնալիքներով ետ պահել հանրահավաքային մարտավարությունից


Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն (ՌԱՀՀԿ) են այցելել Արաբկիրի ոստիկանության քրեական բաժնի երկու աշխատակիցներ եւ առանց ներկայանալու կենտրոնի աշխատակիցներին զգուշացրել են չմասնակցել այսօր կայանալիք հանրահավաքին:

«Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, թե հանրահավաքը արտոնված չէ, եւ դրան մասնակցելու դեպքում իրենք պատրաստ են համապատասխան միջոցներ կիրառել», - երկուշաբթի երեկոյան ընդդիմության ասուլիսում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Քանի որ ՌԱՀՀԿ-ն հանրահավաքների հետ ոչ մի կապ չունի, կենտրոնի աշխատակիցները հակված են կարծելու, որ այս զգուշացումը ուղղված էր Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգություն» կուսակցության անդամներին:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս կուսակցությունների կողմից նման նախազգուշացում ստանալուն, ապա «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե «որեւէ մեկը իրենց նախազգուշացում անելու իրավունք չունի»:

Ասուլիսում միացյալ ընդդիմությունը հրապարակեց սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ 6 էջից բաղկացած զեկույցը, ըստ որի՝ «նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանել միջազգայի չափանիշներին»:

«Հանրաքվեն ուղեկցվել է համատարած բռնություններով, սպառնալիքներով, լցոնումներով: Քվեարկության ժամանակ դիտված հիմնական խախտման տեսակը եղել է լցոնումը: Դրանք կրել են զանգվածային բնույթ եւ արձանագրվել են տարբեր եղանակներով», - ասված է ընդդիմության զեկույցում:

«Լցոնումների զգալի մասը կատարվել է դիտորդների ներկայությամբ: Որոշ լցոնումներ կատարվել են մինչեւ քվեարկության սկիզբը: Առավոտյան ժամը 7:00-ին այցելելով տեղամաս, դիտորդները հայտնաբերել են կիսով չափ կամ ամբողջությամբ լիքը քվեատուփեր», - փաստում է զեկույցը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG