Մատչելիության հղումներ

Բաց քվեարկությունը Ընտրական օրենսգրքի խախտո՞ւմ է, թե՞ ոչ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր բաց քվեարկությունը բացատրել է նրանով, որ գաղտնի քվեարկության նորմը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք: Ասել է թե՝ քաղաքացին եթե ուզում է, կարող է բաց քվեարկել:
Այս տեսակետին է նաեւ հանրապետության գլխավոր դատախազ, քրեական իրավունքի եւ քրեական դատավարության մասնագետ Աղվան Հովսեփյանը: Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանը հակադիր տեսակետ ունի:

Պողոսյանի համոզմամբ, գաղտնի քվեարկությունը քաղաքացու պարտականությունն է. - «Տվյալ դեպքում հանրապետության նախագահը խախտել է ե’ւ Սահմանադրությունը, ե’ւ Ընտրական օրենսգիրքը»:

«Սահմանադրության 3-րդ հոդվածը քվեարկության գաղտնիության առումով հստակ է: Այն ասում է, որ հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեները անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: «Գաղտնի քվեարկությամբ» բառերը նշանակում են, որ ընտրողի կամ հանրաքվեի մասնակցողի կամարտահայտությունը որեւէ մեկին չպետք է հայտնի լինի: Եվ գաղտնիությունը ընտրական իրավունքի պարտադիր պայմանն է, իմպերատիվ նորմ է», - հիմնավորեց Պողոսյանը՝ հավելելով. - «Գաղտնի քվեարկությունը դա պարտականություն է, այլ ոչ թե իրավունք»:

Շարունակելով՝ Վարդան Պողոսյանը ասաց, որ գաղտնի քվեարկության սահմանադրական նորմը բացված է Ընտրական օրենսգրքում՝ մեջբերելով. - «Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի խցիկում, որտեղ էլ այն չորստակ ծալում է»: «Սահմանական եղանակը իրավագիտությունում հավասարեցված է հրամայական եղանակին», - բացատրեց նա:

Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պնդեց հակառակը՝ թե դա իմպերատիվ չէ:

«Գաղտնի քվեարկությունը անձին իրավունք է տալիս, որպեսզի նա իր դիրքորոշումը կարողանա թաքցնել, գաղտնաբար հայտնել, որը կպաշտպանի նրան տարբեր տեսակի, ասենք, հարձակումներից, ոտնձգություններից, հետեւանքներից: Ուստի, յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր դիրքորոշումը բացահայտ հայտնելու», - ասաց Աղվան Հովսեփյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է Ընտրական օրենսգրքի համապատասխան հովածում պատասխանատվություն սահմանված գաղտնի քվեարկությունը խախտելու համար, երկրի գլխավոր դատախազը պատասխանեց, թե պատասխանատվությունը սահմանված է այդ իրավունքը իրականացնելուն խոչընդոտելու համար:

Քրեական պատասխանատվության հարցում Վարդան Պողոսյանը նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ օրենսգիրքն այս հարցում այնքան էլ միանշանակ չէ:

«Ըստ էության, խոսքը կարող է գնալ ընտրական հանձնաժողովի կամ պետական մարմինների կողմից այն փորձերի մասին, որպեսզի ծանոթանան, թե քաղաքացին ինչպես է քվեարկել: Բայց, ամեն դեպքում, միանշանակ է, որ գաղտնի քվեարկությունը պարտականություն է, ոչ թե իրավունք, եւ որեւէ մեկը իրավունք չունի բաց քվեարկություն իրականացնելու», - ասաց նա՝ շարունակելով. - «Բաց քվեարկությունը կարող է դիտվել քարոզչության մի ձեւ, որը քվեարկության օրն արգելված է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG