Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դատելով Արեւմուտքի ներկայացուցիչների ագրեսիվ «այո» քարոզից՝ Արեւմուտքը մեր իշխանություններին կեղծիքների դաբրո է տվել: Բայց այն, որ արտասահմանցի դիտորդներն աչք են փակելու կեղծ «այո»-ի վրա, դեռ չի նշանակում, որ հանրաքվեից հետո մեր երկրի միջազգային դիրքերը կուժեղանան», - խմբագրականում գրում է այսօր «Առավոտ»-ը: - «Ուժեղ են այն պետության դիրքերը, որոնց քաղաքացիները վստահ են, որ բոլոր տեսակի ընտրություններում եւ հանրաքվեում իրենց կամքը հաշվի է առնված: Առայժմ մենք շատ հեռու ենք նման վստահությունից»:

«Սահմանադրական հանրաքվեի բարեհաջող ավարտով եւ նրա արդյունքների միջազգային ճանաչմամբ մենք կարող ենք վերջնականապես հետ թողնել Ադրբեջանին», - պնդում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Բայց միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ հենց մենք ինքներս, ներքաղաքական ցնցումների հրահրման ճանապարհով, ներկայումս կարող ենք ուղղակի «քացով տալ» եւ թափել այդ ամենը՝ Հայաստանը հետ շպրտելով Ադրբեջանին բաժին ընկած հետընտրական ռազբորկաների ճահճի մեջ։ Որեւէ ձեւով կասկածի տակ դնել հանրաքվեի արդյունքները, նշանակում է հարվածել ոչ թե իշխանությանը կամ նրան աջակցող ուժերին, այլ ուղղակիորեն նպաստել մեր երկրի միջազգային քաղաքական դիրքերի թուլացմանը՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առաջիկա բանակցություններում եւ միջազգային որոշակի շրջանակների կողմից ժամանակին արհեստականորեն ստեղծված Հայաստան - Ադրբեջան «զուգակշիռների» պահպանմանը»։

Իսկ «Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. - «Ոչ ոք չէր էլ սպասում, թե ընդդիմությունը կճանաչի հանրաքվեի արդյունքները: Սահմանադրական ամբողջ գործընթացում նրանք չէին էլ թաքցնում, որ չեն ճանաչելու՝ ինչ արդյունք էլ լինի: Հայտարարված բոյկոտը պարզ հաշվարկ ուներ՝ քվեարկության չմասնակցած բոլոր քաղաքացիներին վերագրել իրենց. բոլոր «ալարկոտները», «անտարբերները», զբաղվածները, չկողմնորոշվածները այդ հաշվարկով պետք է ճանաչվեին ընդդիմության հենարան... Սակայն բոյկոտը ոչ թե պասիվ, այլ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում է, հետեւաբար, ընդդիմության հանրահավաքին ներկայացող մարդկանց քանակով պետք է որոշվեր բոյկոտավորների թիվը: Իսկ վերջին օրերին ընդդիմության չհաջողվեց հրապարակում հավաքել 2000-ից ավելի մարդ: Ուրեմն, այն «ժողովուրդը», - որի անունից խոսում է ընդդիմությունը, ընդամենը... 2000 մարդ է, այդ թվում՝ 18 ընդդիմադիր կուսակցությունների ակտիվը: Այս թիվը արժե արձանագրել, որովհետեւ հանրաքվեն տապալելու ամբողջ նպատակը հեղափոխական գործընթաց սկսելն էր, բայց 2 հազարով, նույնիսկ 20 հազարով «հեղափոխություն» չի լինում, իսկ եթե ինչ-որ բան լինում է, դա ավելի շուտ հեղաշրջում է, որը, ի դեպ, նույնպես սոցիալական հենարան է պահանջում: Իսկ հենարանի «բազմաքանակությունն» ընդդիմության նկրտումների առաջ որեւէ հեռանկար չի բացում»:

Ռոբերտ Քոչարյանի երեկվա բաց քվեարկության առիթով «Չորրորդ իշխանություն»-ը այսօր գրում է. - «Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. մարդիկ գալիս են ընտրատեղամասեր, սափրագլուխների եւ ոստիկանների ազդու հայացքների ներքո օգտագործում իրենց իրավունքը, այսինքն՝ բաց քվեարկություն կատարում, ու հեռանում: Ու հանկարծ մեկ այլ քաղաքացի որոշում է փակ քվեարկել: Մի՞թե պարզ չի դառնում, որ նա «ոչ» է քվեարկել... Պարզ ասած, Քոչարյանի հորինած «բաց քվեարկության իրավունքը» նշանակում է, որ ընտրությունները այլեւս գաղտնի չեն: Քոչարյանն իհարկե կարող է ձեւացնել, թե սա չի հասկանում, բայց, ամեն դեպքում, ցինիզմը ապշեցնող է: Նա փաստորեն ոչ միայն վերացնում է փակ գաղտնի քվեարկության ինստիտուտը, այլեւ դա անում է «հանուն մարդու իրավունքների»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Շիրակի մարզի Ձորակապ գյուղում երեկ տեղի ունեցած հանրաքվեում էլի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. գյուղի 797 ընտրողներից տեղամաս է այցելել միայն մեկ ընտրող, որը, ինչպես եւ կարելի էր կռահել, «այո» է քվեարկել կոալիցիոն նախագծին: Հիշեցնենք, որ այս գյուղը հայտնի է նրանով, որ 2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին ոչ մի ձայն չէր տվել ո՛չ առաջին եւ ո՛չ էլ երկրորդ փուլում: Ձորակապը Հայաստանի ոստիկանության Քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի հայրենի գյուղն է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG