Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չի անցել


Երեկ միացյալ ընդդիմության հասարակական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արտակ Զեյնալյանը հրապարակեց հանրապետության ընտրական տարբեր տեղամասերից ընդդիմության դիտորդների ներկայացրած տվյալները, ըստ որի, հանրաքվեին մասնակցել է 374 հազար 667 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 16.3 տոկոսը:

Զեյնալյանը հրապարակեց նաեւ մի քանի օրինակ լցոնումների, կեղծիքների, ցուցակներում հավելագրումների վերաբերյալ, որոնք հանրապետության տարբեր ընտրատեղամասերում գրանցել էին դիտորդները: Մասնավորապես, մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/16 տեղամասում, ըստ ԱԺՄ-ն ներկայացնող դիտորդ Մարգարիտա Մանուկյանի, առավոտյան 8:45-ի դրությամբ քվեատուփում առկա է եղել ավելի քան 200 քվեաթերթիկ, մինչդեռ տեղամաս է այցելել ընդամենը 3 ընտրող:

Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ, եղել են նաեւ բռնության դեպքեր, ծեծկռտուք, սպառնացել են որոշ դիտորդների, ինչի արդյունքնում ստիպված են եղել այդ դիտորդներին ետ կանչել:

«Հայաստանում երկու աննախադեպ բան տեղի ունեցավ՝ ընտրությունները երբեք այսքան դատարկ չեն եղել: Եվ աննախադեպ էր այն լկտի ցինիկությունը, որով իշխանությունները կեղծում էին քվեարկությունը», - հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Այսօր Հայաստանում տեղի է ունեցել ազգային, պետական դավաճանություն, եւ Հայաստանը կանգնեցրել են կործանման եզրին»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ասաց. - «Էն խրախճանքը, որ հիմա անում են իշխանությունները, երկար չի տեւելու: Միեւնույն է, այս գործընթացը՝ երկար թե կարճ, հասցնելու է դրա վերջնական վախճանին: Իշխանությունները երկիրը տանում են վերջնական կործանման»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի բնորոշմամբ, Հայաստանի սահմանադրական բարեփոխումները չեն անցել:

«Իշխանությունները արել են ամեն ինչ ավելի վատ, քան 2003 թվականին: Մեզ համար միանշանակ է, որ պայքարը պետք է շարունակել այն իշխանությունների դեմ, որոնք որեւէ ընտրություն Հայաստանում անցկացնում են միայն խայտառակ գործընթացով», - հայտարարեց Արամ Կարապետյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG