Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Իշխանությունները այս հանրաքվեն չեն մարսելու»


Մայրաքաղաքի Արամ Խաչատրյան համերգասրահի առջեւի հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմությունը ժամը 18-ին հրավիրել էր իրենց բնորոշմամբ՝ «քաղաքական հանրահավաք»: Խոշոր ընդդիմադիր ուժերից հանրահավաքին չէր մասնակցում միայն Հայաստանի ժողովրդական կուսակցությունը եւ դրա ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

Հանրահավաքի մասնակիցների թիվը զգալիորեն ավելի էր այս օրերին ընդդիմության անցկացրած նախորդ հանրահավաքների մասնակիցների թվից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հավաքվածների քանակը արդյո՞ք համապատասխանում է իրենց ակնկալիքներին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Ավելին չէինք էլ սպասում, քանի որ դեռեւս մեզ չեն միացել մեր կուսակիցների ու համակիրների մի զգալի մասը, ովքեր այս պահին դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրատեղամասային եւ ընտրատարածքային հանձնաժողովներում»:

Բերելով լայնածավալ խախտումների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ընդդիմադիրները հանրահավաքի ժամանակ հրապարակեցին ժամը 17-ի տվյալներով քվեարկությանը մասնակցած ընտրողների՝ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքները, որոնց համաձայն, այդ ժամին ընտրատեղամասեր այցելած քաղաքացիների թիվը հատել էր մեկ միլիոնի սահմանագիծը: Դրան հանրահավաքի մասնակիցները արձագանքեցին «Ամո’թ, ամո’թ» բացականչություններով:

Իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց, թե «եկել է սառը դատելու ժամանակը»՝ վստահեցնելով, թե «իշխանությունները այս հանրաքվեն չեն մարսելու»:

«Չեն մարսելու նաեւ իրենց կուտակած փողերը... Ես դա ձեզ վստահեցնում եմ ժողովրդավարության անունից», - հայտարարեց նա:

«Հաղթանակի շունչն ու ոգին արդեն կա: Հավատացե’ք», - շարունակեց Արամ Սարգսյանը՝ կոչ անելով հավաքվածներին վաղը ժամը 3-ին հավաքվել Մատենադատանի մոտ՝ վճռական հանրահավաքի:

Ընդդիմադիրների համոզմամբ, վաղը բողոքի հանրահավաքի մասնակիցների քանակը «բազմապատկվելու է»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համաձայնեց Արամ Սարգսյանի տեսակետին, որ հանրահավաքականները, այդուհանդերձ, քիչ էին՝ դա բացատրելով մարդկանց տեղեկացնելու՝ ընդդիմության հնարավորությունների բացակայությամբ: Կարապետյանը խոստացավ մինչեւ վաղվա հանրահավաքը լուծել այդ խնդիրը՝ չբացահայտելով, թե ինչ ճանապարհներով:


Ռուզան Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG