Մատչելիության հղումներ

Գյումրիում եւ Վարդենիսում, ըստ Զելնալյանի, բռնություն է կիրառվել «Հանրապետություն» կուսակցության դիտորդների նկատմամբ


Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը, Վարդենիսում եւ Գյումրիում իրենց կուսակցությունը ներկայացնող դիտորդների նկատմամբ կիրառվել է բռնություն, ինչը ստիպել է հետ կանչել նրանց:

«Ուղղակի շատ լարված մթնոլորտ է եղել. եղել է ծեծկռտուք, քաշքշոց, հայհոյանքներ», - տեղեկացրեց Զեյնալյանը: - «Ուղղակի չվտանգելու համար այդ անձանց կյանքը, առողջությունը, ստիպված ենք եղել ետ կանչել դիտորդներին»:

Լցոնումների ականատես է եղել «Ժառանգություն» կուսակցության դիտորդ Ասյա Հովհաննիսյանը, ով, երբ փորձել է իր բջջային հեռախոսով լուսանկարել իր խոսքերով՝ կասկածելի երիտասարդների, իրեն հայհոյել ու քաշքշել են:

Հովհաննիսյանը նաեւ արձանագրել է, որ մարդկանց քվեարկելու էին բերում երթուղային միկրոավտոբուսներով»: «Ժառանգություն» կուսակցության դիտորդը, չդիմանալով հայհոյանքներին ու սպառնալիքներին, նույնպես ստիպված է եղել հեռանալ:

Իսկ մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի 15-րդ թաղամասի ընտրատեղամասերից մեկում «Հանրապետություն» կուսակցության դիտորդը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե «7 ժամվա ընթացքում քվեարկությանը մասնակցել է ընդամենը 147 քաղաքացի, սակայն կեղծվել է 450-500 քվե»: Ըտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, մինչդեռ, ժխտեց դա՝ ասելով. - «Քվեարկությանը մասնակցել է 650 – 700 մարդ»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG