Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան ժամը 8-ին Հայաստանում բացվեցին բոլոր 1922 ընտրատեղամասերը: Ընտրելու իրավունք ունեցող ավելի 2,3 միլիոն հայաստանցիները պիտի իրենց վերաբերմունքն արտահայտեն Եվրախորհրդի հավանությանն արժանացած սահմանադրական բարեփոխումներին: 44 ընտրատեղամասեր կգործեն աշխարհի 28 երկրներում, որոնք նույնպես կբացվեն (կամ արդեն բացվել են) տեղական ժամանակով ժամը 8-ին:

Սահմանադրական բարեփոխումների իրականացումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած առանցքային պարտավորություններից է: Հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունները անցած կհամարվեն, եթե կողմ քվեարկեն ընտրատեղամասեր այցելած քաղաքացիների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրացուցակներում ընդգրկվածների մեկ երրորդը:

ԿԸՀ-ի վերջնական տվյալներով, ընդհանուր առմամբ (Հայաստանում եւ արտասահմանում) ընտրացուցակներում ընդգրկված են 2 միլիոն 301 հազար 828 քաղաքացի:

Հայաստանյան ընդդիմությունը, որ միավորում է 18 կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ ընտրողներին կոչ է արել բոյկոտել հանրաքվեն եւ Ազատության հրապարակում շարունակում է ուրբաթ օրվանից «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ սկսված բողոքի ակցիան՝ քաղաքացիական ժողովը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն քվեարկել է Երեւանի Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատարածքում:

«Հայաստանի ժողովուրդը կանգնած է ընտրության առջեւ», - բաց քվեարկելուց հետո լրագրողներին ասել է Քոչարյանը՝ բացատրելով. - «Գաղտնի քվեարկությունը յուրաքանչյուրիս իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը»:

«Ես չեմ ուզում կանխատեսել արդյունքը», - լրագրողների հարցին ի պատասխան ասել է նա:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով քվեարկում էր նույն ընտրատեղամասում, լրագրողների հարցին, թե ինչով է բացատրվում իր պասիվությունը անցած քարոզարշավում, ասաց. - «Ես կարծում եմ, որ պասիվ չէի: Ես իմ կարծիքը վաղուց ասել էի: Ուղղակի անհրաժեշտություն չգտա շատ ակտիվ մասնակցել, որովհետեւ առանց այդ էլ մեր հասարակության շատ անդամներ ակտիվ մասնակցում էին»:

Անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիային՝ Սերժ Սարգսյանը ասաց. - «Գիտեք, ես բացարձակապես կոնկրետ որեւէ մեկին նկատի չունեմ, բայց եթե ես հայտարարեի հանրահավաք, գնայի կանգնեի հրապարակում, եւ գոնե հազար մարդ չգար այնտեղ, ես ուրիշ կերպ կվարվեի: Չեմ ասում՝ ինքնասպանություն կգործեի, բայց ես հաջորդ անգամ կամաչեի որեւէ մեկի աչքին նայել»:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, ժամը 12-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 220 հազար ընտրող, ինչը կազմում է ընտրացուցակներում ընդգրկվածների 9,7 տոկոսը:

Ազգային ժողովի խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, մայրաքաղաքի մեկ այլ ընտրատեղամասում քվեարկելուց հետո «բավարակին գոհացուցիչ» գնահատեց ընտրողների մասնակցությունը:

Հարցին, թե հանրաքվեի բացասական արդյունքի դեպքում, ինքը դա կընկալի՞ որպես անվստահություն Սահմանադրական բարեփոխումները հեղինակած ուժերին, Աժ խոսնակը պատասխանեց. - «Իհարկե ոչ: «Եթե..ապա»-ով դատողություններ չեն անում»:

«Որպես Հանրապետական կուսակցության անդամ, կողմ եմ քվեարկելու», - ընտրատեղամասում լրագրողներին ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ պնդելով միաժամանակ, թե իշխանությունները կարիք չունեն կեղծելու քվեարկությունը: - «Լցնել, կեղծել ստորագրությունը, դա իր հետեւից բերելու է քրեական պատասխանատվություն, եւ այժմ հանձնաժողովների անդամները շատ լավ դա գիտակցում են եւ չեն գնա այդպիսի գործողությունների»:

Ընդդիմությունը, մինչդեռ, արդեն հայտարարել է խախտումների մասին: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պնդում է, որ զանգվածային խախտումներ են արդեն տեղի ունեցել Վարդենիսում:


Աննա Սաղաբալյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG