Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր մի քանի տասնյակ ուժեր սկսեցին հանրաքվեի բոյկոտի զանգվածային ակցիաները


Օպերայի շենքի առջեւ ուրբաթ օրը սկսված «քաղաքացիական ժողով»֊-ը որոշեց, որ ուշ երեկոյան, երբ Ազատության հրապարակում կավարտվի «այո»֊-ի համերգը, ընդդիմադիր միացյալ ուժերը կտեղափոխվեն այնտեղ՝ նստացույցի ու վրաններ կխփեն: Շաբաթ հետկեսօրին Րաֆֆի Հովհաննիսյանի Քաղաքացիական նախաձեռնությունը «Ազատություն» հրապարակում հերթական նիստ է հրավիրել:

«Հայրենիք», «ազատություն», «ժողովրդավարություն», «ազգային շահ», «քաղաքացի» գաղափարների ներքո Քաղաքացիական նախաձեռնությանը միացած «18 եւ 8» ընդդիմադիրների առաջնորդներ ու հայտնի մտավորականներ ուրբաթ օրը հետկեսօրին հավաքն սկսելուց առաջ, երբ տեսան «Ազատություն» հրապարակում երգող-֊պարող դպրոցականներին, ժողովրդի առաջնորդությամբ տեղափոխվեցին Օպերայի շենքի հակադիր կողմը՝ լցնելով Արամ Խաչատրյանի արձանի շուրջ ամբողջ հրապարակը, իսկ հակադիր կողմը գրեթե դատարկվեց՝ երկու կողմերում տեղակայված թողնելով, ըստ պաշտոնական տվյալների, հարյուր ոստիկանի:

Հանրապետության պետական օրհներգն սկսած Հասմիկ Հարությունյանին նախ միացավ Խորեն Պալյանը, ապա նաեւ ձայնակցեցին քաղաքական գործիչների ու հավաքվածների մի մասը: Ապա մեկ րոպե լռությամբ հարգվեց ազատության համար բոլոր զոհվածների հիշատակը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, թե քանի որ «պետական, հանրային լծակներ են չարաշահել, ճնշումներ եղել ու քարոզարշավի անհավասար պայմաններ», հայտարարեց, որ դրանով «գործընթացն արդեն օրենքից դուրս է»:

«Բայց հետեւելու ենք քվեարկությանը. պաշտպանելու ենք անգամ այն փոքրամասնության իրավունքը, որը կիրակի գնալու եւ «այո» է քվեարկելու: Միայն թե այդ «այո»֊-ն լինի քաղաքացիական գիտակցության եւ ոչ թե սպառնալիքի, ճնշման արդյունք», - հավելեց նա:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն ասաց, որ երկրում գլխավոր մարմինը ժողովուրդն է՝ քաղաքացիների ժողովը, եւ կիրակի պիտի հավաքվեն՝ իրենց վերջնական վետոն ներկայացնելու:

«Այս հանրաքվեն անվստահության հանրաքվե է», -֊ եզրափակեց Ղազարյանը:

«Արդարություն» դաշինքի եւ ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե «վարչախումբը փորձում է ապահովել իր համար ցանկալի արդյունքը, եւ հայտարարեց, որ «քարոզարշավի ընթացքում այնքան խախտումներ են թույլ տրվել, որ հանրաքվեն օրինական համարվել չի կարող»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր ելույթում ասաց. - «Ես շատ կուզենայի հպարտանալ Հայաստանի խորհրդանիշերով՝ հիմնով, դրոշով, նախագահով: Բայց փորձենք հպարտանալ Ռոբերտ Քոչարյանով, հնարավո՞ր է դա...»: Հավաքվածներից լսվեց «ոչ» արձագանք: Սարգսյանը շարունակեց. - «Դե ուրեմն փառք Հայաստանի նոր նախագահին»:

Հիշեցնելով, որ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը քարոզարշավին չեն մասնակցել` Արամ Սարգսյանը մեկ առ մեկ թվարկեց նրանց վերջին ու առաջիկա այցերն արտերկիր ու եզրափակեց. - «Այո» ապահովել միանշանակ չեն կարողանալու, ու եթե Սահմանադրության արդյունքները հայտարարեցին, որ «ոչ» է եղել՝ ժողովուրդ, ուրախացե'ք ու հավաքվե'ք կրկնակի»:

Ուրբաթ ուշ երեկոյան «Ազատություն» հրապարակում շարունակվում էր «այո»֊-ի ցուցապաստառների ներքո վերսկսված համերգը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG