Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընդդիմադիրների վերջին ավտոարշավը, որն անցավ երեկ Երեւանում, ուղեկցվեց ոստիկանության հետ բազմաթիվ ընդհարումներով», - վկայում է «Առավոտ»-ը՝ արձանագրելով հանրաքվեի նախօրեին լարվածության ավելացում: Քարոզարշավին հետեւած «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը նկարագրում է. - «Ռադիոտան մոտ կարմիր բերետավորները ոտքի տակ գցած ծեծում էին «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Պողոսյանին»:
«Բռնություններ լրագրողների նկատմամբ» վերնագրի ներքո «Առավոտ»-ը փոխանցում է. - «Երեկ, երբ հանրային ռադիոյի շենքի մոտ «Ա1+»-ի լրագրող Դիանա Մարկոսյանը փորձել էր նկարահանել, թե ինչպես են հատուկ ջոկատայինները ծեծի ենթարկում Աշոտ Պողոսյանին, ոստիկանության մի կապիտան խոչընդոտել էր նրա մասնագիտական գործողություններին եւ հարվածել... Իսկ Մալաթիա - Սեբաստիա համայնքում, ընդդիմության հանրահավաքից հետո, հարձակում էր կատարվել հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի նկատմամբ»: «Իրավունք»-ում շարադրված է. - «Երբ ընդդիմության ավտոշարասյունը Բաղրամյան պողոտայով բարձրանում էր դեպի Կոմիտաս, նախագահական նստավայրի դարպասների մոտ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Մալխասյանին իր ավտոմեքենայից ոստիկաններն ուղղակի դուրս են շպրտել: Ոստիկանները սկսել են հարցնել, թե ինչո՞ւ է ընդդիմադիրը նայում նախագահական նստավայրի շենքին»: «Ցավալի է, որ դեռ հանրաքվեն չեղած արդեն որերորդ դեպքն է, որ խախտվում ու խոչընդոտվում են «ոչ»-ի կողմակիցների իրավունքները», - փաստում է «Ազգ»-ը:

«Իմ տպավորությամբ, ժողովուրդը «այո» կասի հանրաքվեին, որովհետեւ բարեփոխումների կողմնակիցների առաջադրած փաստարկները անցած քարոզարշավում անհամեմատ հիմնավոր էին», - «Հայոց աշխարհ»-ում ասում է Ժողովրդավարական կուսակցության ղեկավար, նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը:

«Իրավունք»-ի գնահատմամբ՝ ընդդիմության որոշումը հանրաքվեի տոտալ բոյկոտի մասին ակնհայտորեն նյարդայնացրել է իշխանությանը. - «Իշխանություններն այժմ հրապարակ են նետել իրենց ունեցած ամբողջ զինանոցը, որպեսզի համոզեն, թե ինչպիսի վատ ու հակապետական բան է բոյկոտը»: Իբր նոյեմբերի 27-ին հաղթելու կամ պարտվելու է Հայաստանը: Ըստ մեկնաբանի՝ այդպիսի քարոզչության «արդյունավետությունը զրոյական է»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հայացքով՝ այս պահին, երբ ընդդիմությունը ամենից շատ է խոսում կազակերպված գործողությունների անհրաժեշտության մասին, անում է ամենաանկազմակերպ քայլերը՝ քարոզարշավը մեկնարկում է մի կարգախոսով, վերջնագծին մոտենում մեկ այլով. - «Նրանցից մեկը քարոզարշավի է մեկնում առանձին, մյուսը Ազատության հրապարակում քաղաքական ժողով է հրավիրում՝ դարձյալ առանձին»: «Այս ամենով, նրանք, արդեն դժվար է հաշվել որերոդ անգամ, ապացուցեին, որ չեն տիրապետում որեւէ գործընթաց կազմակերպելու ունակություններին», - եզրակացնում է մեկնաբանը՝ բխեցնելով. - «Գործող իշխանություններից ամենամոլի դժգոհող մեկն անգամ կարող է զգաստանալ այն մտքից, երբ փորձի պատկերացնել, թե ինչ կկատարվի Հայաստան աշխարհում, եթե երկրի ճակատագիրը տնօրինելու պատեհություն ընձեռնվի ընդդիմադիր այս «կոնգլոմերատին», որի մոտ բացակայում են նույնիսկ շարքային կազմակերպչական ունակությունները»:

«Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեի քարոզչության փուլի առանձնահատկությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի պասիվությունն էր: Նրանք չմասնակցեցին քարոզչությանը», - արձանագրված է «Հայկական ժամանակ»-ում:

«Իրավունք»-ը, իր հերթին արձանագրելով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին մեկնելու է Մոսկվա, ընդգծում է. - «Այսինքն ստացվում է, որ վարչախմբի հանասյուներից մեկը՝ Սերժ Սարգսյանը, երկրից բացակայելու է հենց ամենաթարս պահին, երբ տեղի է ունենալու հանրաքվեի արդյունքների ամփոփումը եւ, հավանական է՝ ներքաղաքական սրում»: «Կարելի է ենթադրել նաեւ», - շարունակում է «Իրավունք»-ը, - «որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կօգտագործվի, որպեսզի զոնդաժ արվի Մոսկվայի վերաբերմունքը մեր հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ՝ միգուցե փորձ արվի ստանալ Կրեմլի աջակցությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG