Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը չի արտոնել «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած քաղաքացիական ժողովը


Սահմանադրական փոփոխությունները մերժող «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթասկզբին հանդես էր եկել այսօր ժամը 15-ից Ազատության հրապարակում քաղաքացիական ժողովի նախաձեռնությամբ:
Մայրաքաղաքի քաղաքապետարանը, սակայն, չի արտոնել միջոցառումը՝ պատճառաբանելով, թե նույն ժամին Ազատության հրապարակում արդեն արտոնել է «այո»-ի կողմնակիցների կազմակերպած համերգ:

«ժառանգություն» կուսակցությունում քաղաքացիական ազգային նախաձեռնության համակարգող Հովսեփ Խուրշուդյանի փոխանցմամբ, հանրահավաքին մասնակցելու են հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ:

«Ելույթների մեծ մասը լինելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խուրշուդյանը: - «Ես նկատի ունեմ նախ եւ առաջ հասարակական կազմակերպությունները, նաեւ, իհարկե, քաղաքական գործիչներ կլինեն, մտավորականություն, երիտասարդներ»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ժողովը երթի վերածվի, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. - «Պարոն Հովհաննիսյանը հատուկ շեշտել է, որ նման կարգի տեխնիկական պահերը, նաեւ մարտավարական խնդիրները տեղում հենց ժողովրդի տրամադրությունից են կախված: Ոչինչ չենք բացառում. կարող է լինել նաեւ երթ եւ այլ միջոցառումներ... Եթե ժողովուրդը ուզենա մնալ այդտեղ, մենք նաեւ գիշերը կմնանք»:

Անդրադառնալով այսօր Ազատության հրապարակում «այո»-ի կողմնակիցների կազմակերպած համերգին՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը ասաց, որ կազմակերպիչները նախատեսում էին այն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում:

«Հետո, երբ իմացան, որ մենք այդտեղ [Ազատության հրապարակում] հանրահավաք ենք կազմակերպում, որոշեցին, որ նաեւ այդտեղ անեն», - ասաց նա՝ պնդելով, որ դա միտումնավոր է արվել. - «Առաջ իրենք պատրաստվում էին ժամը 6-ին անել [համերգը], հիմա որոշեցին հենց մեր հետ միասին սկսել՝ ժամը 3-ից... Էլ չեմ ասում, որ որոշեցին (այդ տեղեկությունները ինձ հասել են), որ 3 օր անընդմեջ համերգ են անելու»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG