Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը ողջունել է Ուկրաինայի «նարնջագույն հեղափոխության» արդյունքները


Այս շաբաթ ավելի վաղ Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ժամանակ Կիեւի Մայդանում՝ «նարնջագույն հեղափոխության» տարեդարձին նվիրված հանրահավաքում, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում ողջունել է հեղափոխության արդյունքները:

Հայաստանի խորհրդարանի խոսնակին, «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ, Մայդան էր հրավիրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենիոն: «Կոռեկտ չէր հրաժարվել երեք անգամ հնչած հրավերից», - ասել էր Բաղդասարյանը:

Նրա ելույթը իր բոցավառությամբ ոչնչով չի զիջել հանրահավաքում հնչած մյուս ճառերին:

«Ժողովրդավարություն եւ ազատություն, համերաշխություն եւ առաջընթաց. սրանք են այն արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք եւ որոնք կպաշտպանենք հետագայում եւս», - ասել է Բաղդասարյանը: - «Բաց հասարակությունը եւ ժողովրդավարության իրական զարգացումն են երաշխավորում առաջընթացն ու անվտանգությունը, բարգավաճումն ու բարեկեցությունը ինչպես ամեն մի երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:

«Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Արթուր Բաղդասարյանը ասել էր. - «Ոմանք Հայաստանում կքննադատեն իմ այս քայլը: Ոմանք էլ ընդհակառակը՝ դրական կգնահատեն այն»:

Ակնհայտ է, սակայն, որ «նարնջագույն հեղափոխության» հաղթանակից հետո անցած մեկ տարվա ընթացքում Արթուր Բաղդասարյանը դարձավ առաջին հայ պաշտոնյան, որը միանշանակորեն աջակցեց 2004-ին ուկրաինացիների կատարած ընտրությանը:

«Ժողովրդավարությունը ընտրության իրավունքն է, եւ մեկ տարի առաջ ուկրաինացի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի օրենքի գերակայությունը, ազատ խոսքն ու ազատ շուկան դառնան մեր երկրների ու հասարակությունների զարգացման գերակա ուղիներ: Ուկրաինացի ժողովուրդը իր փառապանծ պատմությամբ ապացուցել է նվիրվածությունը ազատության իդեալներին եւ պաշտպանել է այն, իսկ Մայդանը դարձավ նրա էներգիայի եւ խիզախության մարմնավորումը», - իր ելույթը եզրափակել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG