Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել ընդդիմության ավտոերթի մասնակիցներից մեկը


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում արձանագրվեց բռնության առաջին դեպքը. չորեքշաբթի օրը ոստիկանության հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել հանրաքվեն բոյկոտել քարոզող ընդդիմության ավտոերթի մասնակիցներից մեկին:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հատուկջոկայինները «երթեւեկության կանոնները խախտելու համար» ծեծի են ենթարկել «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցներից մեկի ղեկավար Աշոտ Պողոսյանին:

Ոստիկանության հատուկ ջոկատի ղեկավարը, սակայն, Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանի հետ վիճաբանության ընթացքում պնդում էր, թե իր ենթակաները որեւէ մեկին չեն հարվածել: Արշակ Սադոյանը, ինչպես նաեւ միջադեպի ականատեսները պնդում էին, որ Պողոսյանին որովայնի շրջանում հարվածել է իրավապահներից մեկը: Վերջինս, սակայն, պնդում էր, թե չի հարվածել, այլ պարզապես «փորձել է բերման ենթարկել», քանի որ Պողոսյանը «չի ենթարկվել»:

Մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը տուժողը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ իր մեքենան կանգնեցրել էին ու պահանջել փաստաթղթերը: «Մեքենայից իջա՝ հարձակվեցին ինձ վրա: Մինչեւ ասացի, թե փաստաթղթերս մեքենայի մեջ է, արդեն ուզում էին բերման ենթարկել», - ասաց նա:

Պետավտոտեսչությանը տուգանային հրապարակ տարավ Աշոտ Պողոսյանի «Նիվա» մակնիշի մեքենան, ինչպես նաեւ «Երազ» մակնիշի ավտոմեքենան, որի վրա ամրացված էին բարձրախոսները:

Ընդդիմադիրներին հաջողվեց ետ ստանալ միայն «Երազ»-ը, սակայն՝ առանց բարձրախոսների: «Նոր ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մեքենայում եղած տեխնիկան անհետացել է. - «Ասում են՝ գողացել են»:

Միջադեպը, այդուհանդերձ, չխանգարեց, որ ընդդիմադիրների ավտոշարասյունը շարունակի երթուղին եւ անցկացնի ծրագրված հանրահավաքը Մալաթիա-Սեբաստիա համայնքում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG