Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում եւս մեկ անգամ փաստարկներ բերեց հօգուտ գալիք կիրակի կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բոյկոտի:

«Բոյկոտը ամենաազդեցիկ պայքարի միջոցն է, որի մասին մենք բազմիցս ասել էինք դեռ ամիսներ առաջ», - ասաց նա: - «Բոյկոտ է այն խաղերին, որոնք շատ հեռու են մեր ժողովրդի շահերից եւ պետության շահերից»:

Բոյկոտը, ըստ ԱԺՄ նախագահի, նաեւ բացառիկ հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար վերահսկելու կեղծիքները այն առումով, որ առնվազն հնարավոր կլինի հաշվել, թե քանի մարդ է իրականում գնացել ընտրատեղամասեր: Նա վստահ է, որ «այո»-ի համար անհրաժեշտ մոտ 750 հազար մարդու մասնակցություն իշխանությունը չի կարողանա ապահովել. - «Այնքան մարդ, ինչքան պետք է «այո»-ի համար, ուղղակի չի էլ մասնակցելու հանրաքվեին»:

Բացի արդեն բազմիցս հնչեցված փաստարկներից, որ իշխանությունը հափշտակված է եւ իշխանության վերաբաշխումը ոչինչ չի տալու ժողովրդին, քանի որ այն վերաբաշվելու է այդ նույն մարդկանց շրջանում, Վազգեն Մանուկյանը այսօր նաեւ ասաց, որ եթե անգամ Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ եւ վերը նշված խնդիրները չլինեին, ինքը կրկին դեմ կլիներ սահմանադրական այս փոփոխություններին:

«Հիմա առաջացել են քաղաքական եւ սահմանադրական էսթետներ, որոնք ասում են՝ սա մի քայլ առաջ է: Ոչ մի քայլ առաջ ես այստեղ չեմ տեսնում», - փաստարկեց նա՝ պարզաբանելով, թե իշխանության տարանջատման սկզբունքը իրականում վտանգներ է պարունակում այն առումով, որ լուրջ կոնֆլիկտների տեղ է թողնում նախագահի, կառավարության եւ Ազգայն ժողովի միջեւ:

Վազգեն Մանուկյանը ասաց, որ ինքը հստակության կողմնակից է՝ կա’մ միանշանակ նախագահական, կա’մ միանշանակ խորհրդարանական կառավարման:

Վերադառնալով բոյկոտին՝ Մանուկյանը ասաց, որ դիտորդների միջոցով հնարավոր կլինի վերահսկել, թե ի վերջո որքան է եղել իրական մասնակցությունը: Ու թեեւ նման հաշվարկը որեւէ իրավական հիմք չի ունենա, այդուհանդերձ, եթե ժողովուրդն իմանա, որ հանրաքվեն կեղծվել է, պայքարելու իրավունք կստանա: Իսկ այն պետության մեջ, որտեղ ժողովուրդը պարտաստ չէ պայքարել իր իրավունքների համար, ըստ ԱԺՄ նախագահի՝ «այդպիսի պետությունը երբեք արդյունքի չի հասնի»:

«Ոչ մի էվոլյուցիոն ճանապարհ չկա այն պետություններում, որտեղ մարդիկ չեն պայքարում իրենց իրավունքների համար», - եզրափակեց նա:

Վազգեն Մանուկյանը նաեւ քննարկեց հանրաքվեի արդյունքի մի քանի սցենար: Եթե հանրաքվեն կեղծվի, ըստ նրա, ամեն բան կախված կլինի ժողովրդից. - «Ժողովուրդը տեր կկանգնի՞ իր իրավունքներին, թե՞ոչ: Ժողովուրդը կհավատա՞ իր ուժերին: Ժողովուրդը համաձայն կլինի՞ դուրս գալ փողոց ու պայքարել այն իշխանության դեմ, այն կեղծիքի դեմ, որը պետությունը նորից դնում է սարսափելի վիճակի մեջ»:

«Եթե ժողովուրդը ուզում է, մենք առաջին շարքերում կլինենք, հարվածը մեր վրա կվերցնենք, բայց կփոխենք իրավիճակը», - իր եւ ընդդիմադիր մյուս գործիչների անունից վստահեցրեց Վազգեն Մանուկյանը:

Իսկ այն սցենարի կապակցությամբ, երբ կեղծիքներ չլինեն, բայց ժողովուրդը սահմանադրական փոփսխություններին «այո» ասի, Վազգեն Մանուկյանը ասաց, որ «արդար քվեարկության դեպքում ընդունելի կլինի ցանկացած արդյունք»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG