Մատչելիության հղումներ

logo-print

Արկադի Ղուկասյանը հուսով է, որ մարաթոնի արդյունքում նախորդ տարվա համեմատ ավելի մեծ գումար կհանգանակվի


Լոս Անջելեսում այսօր մեկնարկում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» ծրագրի համար հերթական հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը:

«Դժվար է ասել կոնկրետ որքան գումար կհավաքվի, բայց ես տեսնում եմ, որ կա ոգեւորություն, կան լուրջ խոստումներ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Լեռնային ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: - «Ամեն դեպքում, հույս ունեմ եւ ուզում եմ հավատալ, որ Լոս Անջելուսում այս տարի ավելի մեծ գումար կհավաքվի, քան անցյալ տարի կամ երկու տարի առաջ»:

«Մարաթոնների շարքը մանշանակ կշարունակվի, որովհետեւ մարաթոնի շրջանակներում դրված խնդիրները շարունակական բնույթ են կրում: «Արցախի վերածնունդ» ծրագիրը սկսել ենք Մարտակերտի շրջանից, սակայն ունենք շատ ուրիշ շրջաններ, որոնք եւս սփյուռքի աջակցության կարիքն ունեն», - հայտարարեց Արկադի Ղուկասյանը:

Ֆրասնիայի Վալանս քաղաքի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նշանակությանը եւ հետեւանքներին վերաբերող հարցին ի պատասխան, Արկադի Ղուկասյանը նշեց. - «Պարզ է, որ այդ ճանաչումը ավելի շատ զգացմունքային էր, քան դե յուրե նշանակություն ունեցող»:

«Սակայն, կարեւորն այն է, որ ինչքան շատ այդ կարգի միջոցառումներ լինեն, այնքան հեշտ կլինի մեր միջազգային ճանաչումը ընդհանրապես: Այդ կարգի քայլերը ավելի շատ խորհրդանշական են, բայց շատ կարեւոր», - շարունակեց Լեռնային Ղարաբաղի նախագահը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ անցյալ տարի կազմակերպած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել էր շուրջ 11 միլիոն դոլար: Երկնիշ թվով հանգանակություն էր արձանագրվել նաեւ 1996 թվականին, սակայն այն ժամանակ մարաթոնի ընթացքում հավաքված 6 միլիոն դոլարը կրկնապատկել էր ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG