Մատչելիության հղումներ

Հակառակ Եվրամիությունից հնչող սուր քննադատության, Թուրքիայի կառավարությունը երեկ հասկացրել է, որ չի շտապելու փոխել այն օրենսդրությունը, որը կիրառվում է գրողներին եւ լրագրողներին դատապարտելու համար:

Հաջորդ ամիս Թուրքիայի ամենահայտնի գրող Օրհան Փամուկը դատարանի առջեւ է կանգնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեղադրանքով: Սակայն կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեկը կարծիք է հայտնել, որ հարցը ոչ թե օրենսդրությունն է, այլ դրա մեկնաբանությունը: «Ողջ հարցն այն է, թե ինչպես են մեկնաբանվում օրենքները: Սակայն այս հարցում մենք պետք է ավելի շրջահայաց լինենք՝ հարկ չկա փոթորիկ բարձրացնել քրեական օրենսգրքի ընդունումից ընդամենը 3֊4 ամիս անց», - ասել է խոսնակը մամլո ասուլիսի ժամանակ:

«Ռոյթերզ» գործակալությունը մեջբերում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենին. - «Օրհան Փամուկի նման գրողներին, Հրանտ Դինքի եւ Բուրակ Բեքդիլի նման լրագրողներին ներկայացված մեղադրանքները լուրջ մտահոգության առիթ են տալիս»:

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը վերջերս պայմանականորեն դատապարտվել էր կես տարվա ազատազրկման՝ «թուրքերի ինքնությունը վիրավորելու համար»: «Թըրքիշ դեյլի նյուս» թերթի լրագրող Բուրակ Բեքդիլին պայմանականորեն դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման «արդարադատության մամիններին վիրավորելու համար»:


Արմեն Դուլյան


(Լուսանկարում՝ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG