Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին «հեռու մնալ ցույցերից»


Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել ԱՄՆ-ի քաղաքացիներին հեռու մնալ նոյեմբերի 27-ի Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Երեւանում կայանալիք ցույցերից, քանի որ դրանք կարող են ուղեկցվել բռնություններով:

«Ցույցերը չափերը եւ տրամադրությունները անկանխատեսելի են, ուստի Միացյալ Նահանգների դեսպանությունը հորդորում է ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել ցույցերի ժամանակ դրանց դրածքում գտնվելուց», - ասված է Հայաստանում գտնվող ամերիկացիներին ուղղված զգուշացման մեջ: - «Նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են վերածվել առճակատման եւ ուղեկցվել բռնություններով»:

Հայաստանում աճող քաղաքական առճակատման վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունը արտահայտող կոչում հիշատակված են ընդդիմության կողմից հինգշաբթի եւ ուրբաթ օրը հրավիրվելիք ցույցերը:

«Հաշվի առեք նաեւ, որ ցույցերը կարող են ազդել մոտակա փողոցների երթեւեկության վրա», - ասված է զգուշացման մեջ:

Հայաստանի միացյալ ընդդիմության ցույցը այսօր տեղի է ունենալու Երեւանի Մալաթիա - Սեբաստիա համայնքում: Ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայանալու է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցը, իսկ միացյալ ընդդիմության հանրահավաքները կմեկնարկեն կիրակի օրը:

«Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն նաեւ, որ մինչեւ շաբաթավերջ կարող են լինել նոր ցույցեր», - նշել է ԱՄՆ-ի դեսպանությունը:

Հայաստանի ընդդմիության ցուցերը, որպես կանոն, խաղաղ են անցնում: Իշխանությունները, սակայն, ուժ կիրառեցին 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ հավաքվածների նկատմամբ:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG