Մատչելիության հղումներ

Ռամիլ Սաֆարովի գործով նոր փորձաքննություն Բուդապեշտում


Նոյեմբերի 25-ին Բուդապեշտում անցկացվելու է Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի դատական գործով նոր փորձաքննություն:

Սաֆարովի դատապաշտպան Ադիլ Իսմայլովը «Թրենդ» գործակալությանը հաղորդել է, որ փորձաքննության եզրակացությունը կներկայացվի դեկտեմբերի 15-ին կայանալիք դատական նիստում:

Սեպտեմբերի 27-ին դատարանը վճիռ չէր կայացրել եւ որոշել էր հետաձգել նիստը մինչեւ դեկտեմբերի 15-ը՝ Ռամիլ Սաֆարովի հոգեկան վիճակի վերաբերյալ փորձագետների տարակարծությունների պատճառով: Հունգարացի երեք հոգեբաններ մինչ այդ երկու անգամ հետազոտել էին Սաֆարովի հոգեկան վիճակը. առաջին անգամ նրանք որոշել էին, որ ադրբեջանցի զինծառայողը մեղսունակ է, իսկ երկրորդ անգամ՝ որ նա լիովին չէր կարող վերահսկել իր գործողությունները:

Բուդապեշտի դատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե փորձաքննության է ենթարկվելու ոչ թե ամբաստանյալ Սաֆարովը, այլ պարզապես համադրվելու են նախկինում անցկացված երկու փորձաքննությունների եզրակացությունները:

Արդբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարել էր Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG