Մատչելիության հղումներ

«Վարդերի հեղափոխությունից» հետո հայերի նկատմամբ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքը արմատապես փոխվել է»


Ուղիղ երկու տարի առաջ Վրաստանում հաղթեց «վարդերի հեղափոխությունը», եւ իշխանության եկավ Միխեիլ Սահակաշվիլին: Անդրադառնալով այս ընթացքում երկրում իրականացված բարեփոխումներին՝ Սահակաշվիլին նշել է, թե «Վրաստանում լուրջ փոփոխություններ են արձանագրվել. իրական պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, բարձրացել են աշխատավարձերը, հասարակության շրջանում մեծացել է վստահությունը ոստիկանության նկատմամբ, կրճատվել է բյուրոկրատական քաշքշուկը»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք իշխանափոխության արդյունքում Վրաստանի հայերը զգում են պետական քաղաքականության փոփոխությունը իրենց նկատմամբ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մելիք Ռայիսյանը նշեց. - «Փոփոխությունը, իրոք, ակնհայտ է»:

«Իշխանության վերաբերմունքը հայերի հանդեպ արմատապես փոխվել է դեպի լավը: Նկատի ունենալով, որ տասնյակ տարիներ հայերի դրությունը շատ անմխիթար էր՝ մեծ առաջընթաց հիմա չի երեւում: Որոշ քայլեր արվում են, բայց ոչ այն ուղղությամբ, որն ինձ համար ցանկալի էր», - նշեց Մելիք Ռայիսյանը եւ ավելացրեց, - «Ճանապարհներ են վերակառուցվում, թե' Նինոծմինդայում եւ թե' Ախալքալակում փոխվում է քաղաքի տեսքը, սակայն Ջավախքի [սոցիալ-տնտեսական զարգացման] ամբողջական փաթեթը շատ դանդաղ է իրականացվում»:

Հայազգի մեկ այլ պատգամավոր՝ Վան Բայբուրդը, գերադասեց խոսել կոնկրետ թվերով՝ նշելով որ 2003 թվականից Վրաստանի պետբյուջեի մուտքերը ավելացել են մոտ 5 անգամ, ինչը զգում են նաեւ Վրաստանի հայազգի քաղաքացիները. - «Միայն հայկական Ջավախեթիում երկու տարվա ընթացքում կառուցվել է 4 դպրոց եւ վերանորոգվել 86-ը: Ընդհանրապես, մթնոլորտը լրիվ ուրիշ է»:

Հայազգի պատգամավորը ներկայիս իրավիճակը համեմատում է նախագահ Շեւարդնաձեի օրոք տիրող տրամադրությունների հետ եւ նշում, որ «այսօր դեպքեր կան, երբ մարդիկ պատժվում են հակահայկական արտահայտությունների, պահվածքի համար»:

«Միջին օղակի ոչ մի չինովնիկ այսօր չի ասում՝ դու հայ ես, հեռացիր այստեղից: Շեւարդնաձեի ժամանակ, ցավոք սրտի, նման արտահայտություններ էին արվում Ջավախքից եկած եւ վրացերենին չտիրապետող մարդկանց հանդեպ՝ ճանապարհներին, շուկաներում: Մի քանի հոգի առաջին տարում փորձում էին սա անել, մենք հասցրեցինք սա Միխեիլ Սահակաշվիլուն, եւ այդ մարդիկ պատժվեցին», - ասաց Վան Բայբուրդը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG