Մատչելիության հղումներ

logo-print

«Արդարություն» դաշինքը որոշում է ընտրական հանձնաժողովներից հետ կանչել իր ներկայացուցիչներին


«Արդարություն» դաշինքը երեկվա նիստի բուռն քննարկումներից հետո այսօր հրավիրված կարճատեւ նիստում որոշեց բոյկոտել հանրաքվեն, կոչ անել ժողովրդին չմասնակցել քվեարկությանը, ընտրական հանձնաժողոներից հետ կանչել դաշինքի ներկայացուցիչներին:

«Արդարություն» դաշինքը եւ «Արդարություն» խմբակցությունը մեկ դեմով որոշեցին հանձնաժողովներից հետ կանչել իրենց անդամներին», - նիստից հետո տեղեկացրեց դաշինքի ղեկավար անդամ, խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը՝ ավելացնելով. - «Դեմը Արշակ Սադոյանն էր»:

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ասաց, որ կտրականապես դեմ է կայացրած որոշմանը՝ «սխալ քաղաքականություն» որակելով «պասիվ պայքարի քաղաքականությունը»:

Ընտրական հանձնաժողովներից ընդդիմության ներկայացուցիչներին հետ կանչելու կողմնակիցները կարծում են, որ հնարավոր կեղծիքները կարող են բացահայտել նաեւ դիտորդական լուրջ առաքելություն իրականացնելով: Արշակը Սադոյանը գտնում է, որ միայն դիտորդների ուժերը բավարար չեն լինի. հանրաքվեի ընթացքը նպատակահարմար է վերահսկել ե’ւ դիտորդների, ե’ւ հանձնաժողովների անդամների ուժերով:

Այդուամենայնիվ, Սադոյանը չբացառեց, որ առաջիկայում հրավիրվի ԱԺԴ կուսակցության նիստ, որտեղ այդ հարցը կքննարկվի:

«Մենք չենք պարտադրելու [դուրս գալ հանձնաժողովներից], բայց նաեւ չենք պարտադրելու, որ միայնակ գնան կենաց ու մահու կռվի», - ասաց Սադոյանը:

Դեռ երեկ ընտրական հանձնաժողովներից իր ներկայացուցիչներին հետ կանչելու որոշում կայացրած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը այսօր ասաց, որ այդ որոշումն ավելի ուժեղ քայլ էր, քան գնալ-մասնակցելն ու տեղում պայքարել փորձելը:

Նա հիշեցրեց, որ 2003 թվականի նախագահական ընտրություններում, չնայած իրենց բոլոր ջանքերին, իրենք չկարողացան ապահովել արդար ընտրություններ, քանի որ զրկված էր այնպիսի լծակներից, ինչպիսիք դատական համակարգը, դատախազությունը եւ ոստիկանությունը, որոնցից այսօր էլ զրկված է ընդդիմությունը:

Արամ Սարգսյանը ողջունեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը՝ նոյեմբերի 25-ից Օպերայի հրապարակում մասնակցել քաղաքացիական ժողովի նախաձեռնությանը:

«Եվ այդ գործընթացը, այո, սկսվելու է ամսի 25-ից: Ամսի 27-ը լինելու է կուլմինացիան», - ավելացրեց նա: - «Սա գործընթաց է, որը կարող է տեւել 5 օր, 10 օր, որը կարող է տեւել մեկ ամիս: Ամսի 25-ը սկիզբն է, ու այդ սկիզբը դրեց Րաֆֆի Հովհաննիսյանը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նաեւ տեղեկացրեց, որ նոյեմբերի 27-ին եւ 28-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գործելու է հատուկ տեղեկատվական կենտրոն, որը հետեւելու է հանրաքվի ընթացքին:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG