Մատչելիության հղումներ

Իսրայելի գլխավոր ռաբբին ճանաչում է Հայոց ցեղասպանությունը


Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելած Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը այսօր հայտարարեց, թե ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

«Անշուշտ, ես օգտագործում եմ ցեղասպանություն տերմինը: Լուսանկարներն ու փաստաթղթերը, որ մենք տեսանք [Ցեղասպանության թանգարանում], խոսուն են, եւ արցունքները, որ մեզ խեղդում էին, երբ քայլում էինք թանգարանով, կեղծ չէին: Ոչ ոք չի կարող այս ամենը այդքան խորությամբ ընկալել, որքան մենք՝ հրեաներս», - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություն կատարելուց եւ ծաղկեպսակներ դնելուց հետո հայտարարեց Յոնա Մեցգերը:

Արտահայտելով իր հոգեկան եւ կրոնական համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ Յոնա Մեցգերը նշեց, որ Իսրայելի կրոնական իշխանությունները չեն խառնվում երկրի պետական գործերին, եւ չեն կարող երաշխավորել, որ Իսրայելի իշխանությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Որոշ հրեա գործիչների կողմից հայոց ցեղասպանությունը բացառող հայտարարությունների մասին՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ռաբբի Մեցգերը նշեց. - «Դա այն տեսակետը չի, որ մենք կիսում ենք: Կան նաեւ հրեաներ, ովքեր դեմ են անգամ Իսրայելի պետությանը»:

Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Յուրի Շտերնը իր հերթին նշեց, որ իրենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեն հրաշալի հարաբերություններ. - «Թուրքիան մեր կարեւոր դաշնակիցն է, բայց դա որեւէ մեկին անցյալը փոխելու իրավունք չի տալիս»:

«Ես այն իսրայելցիների թվին եմ պատկանում, ովքեր կարծում են, որ մենք իրավունք չունենք որեւէ կոնյունկտուրային նկատառումներով մերժել մեկ այլ ժողովուրդի՝ իր պատմության ողբերգական փաստերը ճանաչելու հարցում: Այս կարծիքը կիսողների թիվը Իսրայելում աճում է», - հայտարարեց Իսրայելի Կնեսեթի պատգամավորը եւ ավելացրեց. - «Ողբերգությունը, որ ապրել են հայերը, չպետք է որեւէ առնչություն ունենա ժամանակակից քաղաքականության հետ, դա 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է»:

Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հրեա շատ պատմաբաններ եւ գործիչներ ցեղասպանություն են որակել անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում կատարվածը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG