Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը միանում է սահմանադրական հանրաքվեի բոյկոտին


Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, կոչ անելով չմասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին (իր ձեւակերպմամբ՝ առաջիկա քաղաքական բեմականացմանը), հանդես եկավ կոչով՝ նոյեմբերի 25-ից սկսած Օպերայի հրապարակում մասնակցել «քաղաքացիական ժողովի նախաձեռնությանը, որի հերթափոխը կդառնա նոյեմբերի 27-ը՝ լիազոր ազգահավաքի օրը»:

«Մեր փոքր երկրի օրեցօր նոսրացող ազգաբնակչությունը վերստին պառակտված է իշխանությունների կողմից հրամցված երկընտրանքով. «այո՞», թե՝ «ոչ», «կո՞ղմ», թե՝ «դեմ», - այսպես սկսեց իր հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը: - «Ե’վ բովանդակային, ե’ւ ընթացակարգային որեւէ քննադատության չդիմացող այս նախագծով, որը պարտադրվում է մեզ, ջանք չի խնայվում ամրագրել գործող վարչախմբի «ձեռքբերումները» եւ «հեռահար նպատակները»:

Այդ «ձեռքբերումների» ու «հեռահար նպատակների» շարքում Րաֆֆի Հովհաննիսյանը առանձնացրեց «յուրացված իշխանությունը պահպանելու ու հերթով իրար փոխանցելու համար» պայմանների ստեղծումը, «սեփական անձեռնմխելիությունը երաշխավորելը», «համազգային ժառանգություն հանդիսացող հարստության տնտեսական բռնազավթումը ամրագրելը», «երկքաղաքացիության ինստիտուտն այլասերելու միջոցով հայկական սփյուռքում ապօրինությունները շարունակելու համար հիմքեր ստեղծելը»:

«Իսկական զավեշտ է, որ անօրինականությունը կեսնաոճ դարձրած անսահմանափակ թալանի միջոցով հարստացող իշխանախումբը, Սահմանադրության, օրենքների պաշտպան ու ջատագով է ձեւանում», - շարունակեց նա: - «Գողերին, մարդասպաններին ու կաշառակերներին աջակցող եւ նրանց աջակցությունը վայելող վարչախումբը որոշել է Սահմանադրության «կոսմետիկ եվրոռեմոնտով» նախշազարդել իր ապարանքը ժողովրդից բաժանող ճաղերը, որպեսզի անխռով ու բարեհաջող շարունակի ընտրակեղծիքների հաջորդ արարը, ոտնահարի մարդկանց իրավունքները, հեռուստալոտոյի վերածի ճակատագրական կարեւորություն ունեցող Սահմանադրությունը»:

«Ցանկացած բռնապետություն ամենամեծ վտանգը տեսնում է հասուն քաղաքացիական հասարակության մեջ: Հենց այդ երանելի հասարակությունը պետք է վերականգնենք այսօր՝ ըստ էության մերժելով ոչ թե Սահմանադրությունը՝ իր տարատեսակ փոփոխություններով, այլ մեր անունից ու մեր փոխարեն որոշումներ ընդունելու՝ իշխող վարչախմբի գործելաոճը», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով չմասնակցել «առաջիկա քաղաքական բեմականացմանը». - «Սա քաղաքացիական անհնազանդության, նույնն է՝ համաձայնության կոչ է, մեր խաղաղ, բռնազերծ, համերաշխ պայքարի առաջին, բայց ոչ վերջին եղանակը»:

Ընդդիմության մյուս ներկայացուցիչներից «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ Վիկտոր Դալլաքյանը, դրական գնահատելով «սահմանադրական հանրաքվեի անօրինական ընթացքի դեմ ուղղված ցանկացած քայլ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Արդարություն» դաշինքը եւ խմբակցությունը պարոն Հովհաննիսյանի կողմից այս հարցի քննարկման հետ կապված որեւէ առաջարկություն չի ստացել: Եթե մենք ստանանք առաջարկություն այս ակցիայի հետ կապված, մենք պատրաստ ենք այդ առաջարկությունը քննարկել»:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արշաշես Գեղամյանը քաղաքացիական ժողովի նախաձեռնության վերաբերյալ ասաց. - «Մեր մարտավարությունը իր մեջ չի ներառում նման ժողովների թե’ կազմակերպում, թե' անցկացում»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG