Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այցելել է Թբիլիսի


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Իսլամաբադից Նյու Յորք վերադառնալիս շաբաթ օրը կարճատեւ այցով ժամանել էր Թբիլիսի, որտեղ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ քննարկել է Վրաստանում չկարգավորված հակամարտություններին առնչվող հարցեր:

«ՄԱԿ-ը ակտիվորեն աշխատում է աբխազական խնդրի շուրջ, եւ ապագայում մենք ջանք չեն խնայի, որպեսզի հակամարտող կողմերը կատարեն ստանձնած պարտավորությունները, հարգեն մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը: Առանց դրա հաջողության հասնել հնարավոր չէ», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, հայտարարել է Քոֆի Անանը:

Նա նաեւ գոհունակություն է հայտնել Վրաստան իր առաջին այցի կապակցությամբ եւ տեղեկացրել, որ երկրի ղեկավարության հետ քննարկել է նաեւ Վրաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:

«Ես առաջին անգամ եմ Վրաստանում, սակայն ակտիվ հետեւում էի այս երկրում կատարվող իրադարձություններին եւ տպավորված եմ Վրաստանի վերջին շրջանի ձեռքբերումներով», - շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, իր հերթին, նշել է, որ Անանի այցը մեծ նշանակություն ունի եւ «վկայում է համաշխարհային քարտեզում Վրաստանի կարեւորության մասին»:

Միեւնույն ժամանակ, Սահակաշվիլին «հիասթափված է Աբխազիայում ստեղծված իրավիճակից»:

«Ես հիասթափված եմ, որ միջազգային հանրության աչքի առջեւ վաճառվում է Աբխազիայի բնակչության 80 տոկոսի գույքը, հիասթափված եմ, որ բոլորի աչքի առջեւ ամեն օր մարդ են սպանում եւ տանջում, իսկ աբխազական կողմը հանդես է գալիս Գալիի շրջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրասենյակ բացելու դեմ», - հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին՝ ավելացնելով, թե տեղի է ունենում «հակամարտության գոտու ռազմականացում»:

Սահակաշվիլու խոսքերով, Վրաստանը պատրաստ է «եւս մեկ հնարավորություն տալ աբխազական եւ հարավօսական կողմերին՝ հիմնախնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ ակնկալելով այդ ուղղությամբ ՄԱԿ-ի ակտիվացումը եւ աջակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG