Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Վալանս քաղաքը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի ընդունելության ժամանակ ֆրանսահայ համայնքի հոծ բազմության առջեւ Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Լենա Բալզանը հայտարարել է, որ Վալանսը պաշտոնապես ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Լեռնային Ղարաբաղը պահանջել է անկախություն եւ պետք է ստանա այդ անկախությունը, հետեւաբար ես կարծում եմ, որ որպես քաղաքապետ իմ ձայնը պետք է միացնեմ Վալանսի՝ ծագումով հայ մեր բարեկամների, ինչպես նաեւ ողջ վալասցիների ձայնին՝ հաստատելով Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը», - հայտարարել է Լենա Բալզանը:

Վալանսի քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե «իր կողմից կանի հնարավոր ամենը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչման գաղափարի հասունացմանը նպաստելու համար»:

Լենա Բալզանը նաեւ հայտնեց, որ նախատեսում է Վալանսի պատվիրակության հետ միասին 2006 թվականի ապրիլի 24-ին այցելել Հայաստան, հատկապես՝ Իջեւան, որը Վալանսի քույր-քաղաքն է:

Վալանսում շատ հետաքրքրված են հայկական հարցով, քանի որ այնտեղ գոյություն ունի մեծ հայկական համայնք. բնակչության 10 տոկոսից ավելին ունի հայկական ծագում: Բացի այդ, Վալանսի քաղաքապետարանի ընտրյալներից 5-ը հայեր են:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG