Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինությունը առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմում մասնավորապես նշել է, որ «տնօրինության աշխատակիցների կողմից ձեռնարկվող գործադուլի իրականացումը չի բխում Հայաստանի Սահմանադրության եւ մյուս օրենքների պահանջներից: Իսկ եթե դատարանը անօրինական ճանաչի գործադուլը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ մասնակիցներին աշխատանքից ազատելու համար»:

Արաբկիր եւ Քանաքեռ - Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր բավարարեց «ԱրմենՏել»-ի հայցը: Վճիռը օրինական ուժի մեջ կմտնի 15 օրից: Եվ եթե գործադուլային միացյալ կոմիտեն չբողոքարկի այն, ապա «ԱրմենՏել»-ի տնօրինության համար իսկապես կանաչ ճանապարհ է բացվում 40 աշխատակիցներին ազատելու համար:

«Իրենց գործն է՝ կազատեն թե չեն ազատի, մենք այնքան էլ մտահոգված չենք: Նույնիսկ եթե ազատեն, պայքարը շարունակելու ենք, դատական վճիռը անպայման բողոքարկվելու է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գործադուլային միացյալ կոմիտեի նախագահ Հարություն Խառատյանը:

Հինգշաբթի առավոտյան ժամը 10-ին ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինության աշխատակիցները երկժամյա նախազգուշական գործադուլ էին արել, որից հետո իմացել, որ նոյեմբերի 11-ին իրենց դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

«Մենք գիտեինք, որ դատը «կայծակնային դատի կանոններով է ընթանալու, որովհետեւ, ըստ օրենքի, դատարանը պետք է 7 օրվա ընթացքում վճիռ կայացնի: Դատական նիստի մասին մենք տեղեկացանք շատ ուշ եւ չէինք հասցնում փաստաբաններին հանձնել լիազորագրերը, քանի որ փակցում էին նոտարական գրասենյակները», - նշեց Հարություն Խառատյանը: Կոմիտեի անդամներն ու նախագահը, այդուամենայնիվ, հասցրել էին երկու փաստաբանի լիազորել պաշտպանելու իրենց շահերը դատարանում:

Իսկ դատարանում «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը, ըստ Հարություն Խառատյանի, պարզաբանել է, որ գործադուլավորների պահանջները սոցիալական բնույթի չեն. «Դուք կարող եք բարձրացնել միայն սոցիալական հարցերին վերաբերող պահանջներ: Ձեր բարձրացրած հարցերով փորձում եք պաշտպանել Հայաստանի տնտեսական շահերը» - հայտարարել է «ԱրմենՏել»-ի փաստաբանը:

Գործադուլային միացյալ կոմիտեի անդամները պահանջում էին աշխատանքից ազատել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» տնօրինության գլխավոր տնօրեն Ջորջ Կուլոգիանոսին՝ նրան մեղադրելով Հայաստանում ինֆորմացիոն եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտելու, գումարները փոշիացնելու եւ աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելու մեջ:

«ԱրմենՏել»-ի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե որեւէ մեկին աշխատանքից չեն ազատել եւ չեն էլ կարող, քանի դեռ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ չի մտել: Իսկ գործադուլավորները դեռեւս շարունակելու են իրենց պայքարը «Եկեք չխոսենք» կարգախոսով՝ դատական հաջորդ ատյանում:

Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG