Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը միջամտում է Ապարանի քաղաքապետի ընտրություններին


Ապարանի քաղաքապետի կիրակի օրը կայանալիք ընտրություններում «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը պայքարելու է «Նիգ-Ապարան»-ի դեմ, երկրապահը՝ երկրապահի, բնիկ ապարանցին՝ երեւանցի ապարանցու: Առաջադրված 2 թեկնածուներից մեկը՝ գործող քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը, «Նիգ-Ապարան»-ի փոխնախագահն է, մյուսը՝ Գոռ Աբրահամյանը, նույն կառույցի վարչության անդամը:

«Մենք տարիներ շարունակ եղել ենք նույն թիմում: Սա անձերի պայքար չէ, ուղղակի իշխանության վերին օղակները այստեղ փորձում են իրենց կամքը թելադրել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ռազմիկ Պետրոսյանը եւ ավելացրեց, - «Մեր երկիրը ժողովրդավարական կդառնա միայն այն դեպքում, եթե մենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բացառենք պետական այրերի միջամտությունը»:

Ապարանի «Երկրապահ» կառույցի նախագահ Արայիկ Հակոբյանի խոսքով, քարոզարշավի ընթացքում «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել է իր հայրենակիցներին ու քարոզել, որ իրենց թեկնածուն Գոռ Աբրահամյանն է:

Ապարանցիների հետ զրույցներից զգացվում էր, որ մարդկանց առավել զայրացրել է հենց այս հանգամանքը: «Ինչու՞ են մեզ դրսից իրենց կամքը թելադրում», - զարմանում էին քաղաքի կենտրոնում հավաքված մարդիկ:

Ապարանի «Երկրապահ» կառույցի նախագահի համոզմամբ, «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահը որոշել է միջամտել քաղաքապետի ընտրություններին, քանի որ գործող քաղաքապետը մի քանի անգամ չի հնազանդվել նրա որոշումներին եւ, օրինակ, Դավիթաշենի թաղապետի թեկնածու Ռուբեն Գեւորգյանի դեմ ընտրապայքար չի ծավալել: Բացի այդ, Գոռ Աբրահամյանը նաեւ ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի համագյուղացին է:

«Մեզ ամեն կերպ ճնշում են, քաղծառայողներին սպառնում են, թե գործից կազատենք, մի քանի օր առաջ էլ հանկարծակի ետ ուղարկեցին նույնիսկ պայմանագրով ծառայող զինվորականներին, որ Ապարան վերադարձել էին արձակուրդի», - պատմեց մի ապարանցի:

Նախընտրական կրքերը Ապարանում բորբոքվել էին ամիսներ առաջ: Քաղաքապետի ընտրություններն այստեղ նշանակված էին հոկտեմբերի 23-ին, երբ առաջադրվել էին երեք թեկնածու, երեքն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից: Թեկնածուների միջեւ համաձայնություն ձեռք բերելու փորձերն այդ ժամանակ այդպես էլ արդյունք չտվեցին. ընտրությունից մի քանի ժամ առաջ երեքն էլ ինքնաբացարկ հայտարարեցին:

«Իմ հաղթանակը ես տոնել եմ նոյեմբերի 4-ին, երբ տեղի չտվեցի ճնշումներին եւ շարունակեցի պնդել իմ թեկնածությունը, - ասում է Ռազմիկ Պետրոսյանը, - «Կարծում եմ, ես նախորդ վեց տարիների ընթացքում լավ եմ աշխատել եւ կարող եմ էլի շաունակել պաշտոնավարել»:

Ռազմիկ Պետրոսյանի մրցակցին հանդիպելու փորձը ապարդյուն անցավ. Գոռ Աբրահամյանը հարցազրույցից հրաժարվեց: Թեկնածուի շտաբից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրեցին միայն նրա նախընտրական բուկլետը, որտեղ Աբրահամյանը ապարանցիներին խոստանում է «ամբողջությամբ օգտագործել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության ուժերն ու հնարավորությունները՝ Ապարանի սոցիալ տնտեսական զարգացումն ապահովելու գործում»:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG