Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Փաստելով, որ վերջին տասը տարիներին Հայաստանում արդար ընտրություններ չեն եղել, «Ազգը» բանաձեւում է. - «Ավելի ընդունելի է ազատ, արդար եւ թափանցիկ քվեարկությունը, անգամ եթե բնակչությունը «ոչ» ասի, քան կեղծիքներով պարտադրված «այո»-ն:
«Նոյեմբերի 27-ի հանրաքվեն լավ առիթ է գործող իշխանությունենրի համար՝ շարքային քաղաքացիներին ապացուցելու, որ իրենք ընդունակ են գոնե մեկ անգամ անցկացնել ազատ, արդար ընտրություն եւ ինչ-որ տեղ վերականգնել հավատն ընտրության նկատմամբ», - գտնում է մեկնաբանը, - «Հակառակ դեպքում կեղծվելու են նաեւ 2007 թվականի խորհրդարանական, 2008 թվականի նախագահական եւ հաջորդ տարիների ընտրությունները, կեղծիքը վերջնականապես դառնալու է մեր քաղաքական մշակույթի կարեւորագույն առանձնահատկությունը»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, Վանաձորում «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ասել է. - «Այս պայմաններում, երբ ուժային կառույցներով բռնություններ, ճնշումներ են գործադրվում՝ հավասար պայմանների մասին ընդհանրապես ավելորդ է խոսելը, եւ գտնում ենք, որ հանրաքվեի օրինականության մասին խոսելն իսկ ավելորդ է»:

«Հասարակության զգալի մասը դժգոհ է կյանքից, իշխանություններից եւ եթե ոչ է պահանջում, ապա առնվազն երազում է իշխանափոխություն: Մեր հասարակությունն ուղղակի նվեր է ընդդիմության համար, որովհետեւ վերջինիս պետք է միայն չխանգարել հասարակության կոնսոլիդացմանը եւ առաջնորդել նրան՝ համապատասխան պահին, - ներկայացնում է «Այբ-ֆե»-ի մեկնաբանը, որի դիտարկմամբ, ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների մոտ աշխուժությունը բացակայում է. - «Վճռական գործողությունների ու հեղափոխության հոտ անգամ չի գալիս, հասարակությունը մեծմասամբ անտարբեր է: Իսկ վճռական օրվան մնացել է 8 օր: Փոխարենը, իշխանական ճամբարում մեծ ոգեւորությամբ համախմբվում են, որովհետեվ զգում են մոտալուտ, հնարավոր վտանգը»:

«Բոյկոտ բառը դարձել է ընդդիմության մշտական լոզունգը: Բոյկոտվում են Ազգային Ժողովի նիստերը, սահմանադրական բարեփոխումները, ինչը չի կարելի համարել որեւէ հարցում կառուցողական դիրքորոշում», - «Հայոց աշխարհ»-ում գնահատում է Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը. - «Քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ խելագարված ամբոխները հեղափոխության համար հերթ չեն կանգնել, սպասված զանգվածը չկա, որը հնարավորություն կտար ստեղծել դժգոհության ցանկալի ալիքը: Ուստի այլ բան չէր մնում, քան փոխել մարտավարությունը, որովհետեւ եթե հստակ կողմնորոշված «ոչ»-ի կողմնակիցները այդքան շատ չեն, հնարավոր չէ նրանց կազմակերպել իբրեւ հստակ բողոքական էլեկտորատ՝ հաղթելու համար»:

«Իշխանական թեւը վճռելու շատ բարդ խնդիր ունի. պետք է ապացուցի, որ սեւը սպիտակ է: Իսկ ընդդիմադիր ճամբարին մնում է հաստատել, որ սեւը սեւ է, թեեւ դրա հաստատելու անհրաժեշտությունը չկա էլ, -«Իրավունք»-ում սահմանում է ակադեմիկոս Ռաֆայել Ղազրարյանը եւ նշում. - «Ընդդիմությունը միայն պետք է վերականգնի ժողովրդի ոգին, հույս ներշնչի, որ հնարավոր է հաղթանակ գրանցել»:

ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիր» շաբաթաթերթի հայացքով. - «Որքան էլ Սահմանադրության փոփոխությունների հակառակորդներն այսօր փորձեն համոզել, թե երկու օր առաջ բոյկոտի մասին ընդունած իրենց որոշումը սոսկ մարտավարական քայլ է ու վկայում է «ոչ» ասողերի լիակատար միասնության մասին, չեն կարող թաքցնել շաբաթը մեկ իրենց որոշումները փոխելու իրական պատճառները», - ըստ մեկնաբանի. -«Իրականում այսօր հայտարարվում է բոյկոտ «ոչ»-ի լիակատար ձախողումը թաքցնելու համար»:

«Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունը գրություն է ուղարկել Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանին, որով տեղեկացրել է, որ նրա հայտնի դիմումի մեջ նշված փաստերը քաղաքացիաիրավական բնույթի են: Խոսքը այն դիմումի մասին էր, որի պատճառով Երեւանի թաղապետերի սխոդկան դաժան ծեծի էր ենթարկել Քանաքեռ-Զեյթունի թաղապետին: Իսկ դատախազությանն ուղղված իր գրության մեջ Քոթանջյանը, մատնանշելով նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանի կողմից թույլ տրված չարաշահման կոնկրետ դեպք, խնդրել էր ընթացք տալ դրան», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը եւ եզրակացնում. - «Ասել է թե՝ թաղապետերի սխոդկան կարող է որոշել ոչ միայն մեկ այլ թաղապետի, այլեւ դատախազության անելիքը»:

Երեկ «ԱրմեՏելի» բջջային կապի բաժանորդները ընկերության անունից հաղորդագրությունններ են ստացել սահմնադրական փոփոխությունների վերաբերյալ: «ԱրմենՏելի» բջջային ծառայություններ մատուցող բաժնի պետ Մարգարիտա Գասպարյանը «Առավոտ»-ին հայտնել է. - «Նման հաղորդագրություններ ուղարկվել է 300 հազար բաժանորդի, իսկ հաղորդագության միջին գինը 20 դրամ է»: - «Ասել է թե՝ ընկերությունն իր բյուջեից ծախսել է 6 միլիոն դրամ», - հաշվարկել է թղթակիցը, որին էլ ընկերության լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Չութիլյանը տեղեկացրել է, թե «ԱրմենՏելին» նման խնդրանքով դիմել էր ինչ-որ կազմակերպություն, թե որ՝ նա չգիտեր»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG