Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը համոզված է, որ ընդդիմության բոյկոտը «կեղծիքների մեծ հնարավորություն է ընձեռելու»


Խոհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հայտարարել է, թե դեմ է Սահամանադրական հանրաքվեն բոյկոտելու՝ ընդդիմության գաղափարին, քանի որ այն կեղծիքների մեծ հնարավորություն կընձեռի:

«Ընդդիմությունը այսօր բոյկոտի տարբերակն է ընտրել եւ դա է քարոզում: Այդ բոյկոտի պայմանները իրենց հետեւանքներն են ունենալու նաեւ խախտումների առումով», - Ազգային ժողովի պատգամավոր Մանուկ Գասպարյանի հետ բանավեճում նշեց Գալուստ Սահակյանը:

Երեքշաբթի ընդդիմադիր «18+8» ֆորմատը համատեղ հայտարարել նոյեմբերի 27-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու մտադրության մասին: Մինչ այդ համարյա բոլոր ընդդիմադիր առաջնորդները մասնակցում էին «ոչ»-ի քարոզարշավին, իսկ այժմ գտնում են, որ բայկոտի դեպքում իշխանությունների համար շատ դժվար է լինելու ապահովել հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ քվորումը:

«Պարզապես, եթե նոյմեբերի 28-ին պարզվեց, որ «ոչ» է, մեր կյանքը կշարունակվի նույն կերպ՝ միապաղաղ, կամայականություններով հարուստ», - հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ պնդելով, թե «իշխանությունները չեն ձգտելու ամեն գնով անցկացնել հանրաքվեն, որը ընդունմամբ, առաջին հերթին, պետք է հետաքրքրված լինեն հասարակ մարդիկ»:

Չնայած այս հավաստիացումներին, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են «այո»-ի քարոզարշավը: Նրանցից երկուսը՝ Հայաստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը եւ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը այսօր հանդիպեցին երիտասարդության հետ:

Երիտասարդների մի մասը ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում ուներ Սահմանադրության փոփոխությունների փաթեթի եւ գալիք հանրաքվեի արդար անցկացման հանդեպ, ինչը բավականին զայրացրեց առնիկ Իսագուլյանին. «Եթե ձեզանից բան կախված չի, ապա ինչու՞ եք այս դահլիճում: Հիշեք՝ հանրաքվեի ժամանակ իշխանությունը ձերն է, մերը չի», - համոզում էր Գառնիկ Իսագուլյանը:

Մանվել Բադալյանը, իր հերթին, դժգոհություն հայտնեց, որ «մարդկանց մի խավի մոտ պաշտոնյա հասկացությունը բացասական զգացմունքներ է առաջացնում, եւ նրանք այդ մարդկանց հանդեպ վատ են տրամադրվում»:

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ շատ հաճախ «այո»-ի քարոզիչների հանդիպումներին լսարանների մի մասը իրենց ներկայությամբ ապահովում են քաղծառայողները՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Բադալյանը պատասխանեց. «Հանրաքվեն համաժողովրդական գործընթաց է, այլ ոչ թե նախագահի կամ Ազգային Ժողովի ընտրություն, եւ քաղծառայողները իրավունք ունեն դրան մասնակցել: Եթե նրանք իրոք դրսեւորում են իրենց քաղաքացիական պարտքը, ես դա կարող եմ միայն ողջունել»:

Աննա Սաղաբալյան եւ Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG