Մատչելիության հղումներ

Եվրոպական կառույցների ղեկավարները հուսով են, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթը կընդունվի


Հայաստանի արտգործնախար Վարդան Օսկանյանի հետ հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Եվրոպական կառույցների ղեկավարները հույս են հայտնել, թե Սահմանադրական բարեփոխումների փաթեթը կընդունվի, եւ Հայաստանի հաջորդ քայլը կլինի անդամակցությունը Եվրոպական կառույցներին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նման կարծիք են հայտնել Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը, ինչպես նաեւ Հունգարիայի պետքարտուղար Անդրաշ Բարսոնին եւ Ագոյի խմբի ղեկավար դեսպան Ռոլանդ Վեգեները:

Եվրախորհրդի (ԵԽ)Նախարարների կոմիտեի 115-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում, Հայաստանի ատգործնախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է երկու կարեւոր հարցերի, որոնք, նրա բնորոշմամբ, «այժմ Հայաստանի օրակարգում են եւ ԵԽ ուշադրության կենտրոնում»:

«Առաջինը՝ Սահմանադրական բարեփոխումներն են, որոնք անցկացվելու են այս ամսվա վերջին: Առաջարկվող սահմանադրական բարեփոխումները նպաստում են մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական գործընթացներին եւ ուժեղացնում այդ իրավունքները պաշտպանող ժողովրդավարական կառույցները», - Ստրասբուրգում հայտարարել է Վարդան Օսկանյանը:

«Մյուս հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է, որի լուծմանը պետք է հասնել առանց ռազմական միջոցներ գործադրելու եւ առանց հեռանալու այն պարտավորություններից եւ համաձայնություններից, որոնց արդեն հասել ենք», - ասել է նախարարը:

Հունգարիայի պետքարտուղար Անդրաշ Բարսոնիի հետ հանդիպման ընթացքում էլ Վարդան Օսկանյանը անդրադարձել է Բուդապեշտում ընթացող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարությանը, ով անցյալ տավա հունվարին ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնահարել էր հայ սպա ուրգեն Մարգարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG