Մատչելիության հղումներ

Քրդերի բողոքների ալիքը հասել է Ստամբուլ


Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքյարի նահանգում մի քանի օր շարունակվող ընդհարումները անվտանգության ծառայությունների եւ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության կողմնակիցների միջեւ հինգշաբթի օրը տեղափոխվել են Ստամբուլ: Շուկաներից մեկում դիմակավոր մարդիկ Ստամբուլի տարբեր թաղամասերում հրկիզել են ավտոբուս եւ վաճառասեղանների շարք,քաղաքի քրդաշատ թաղամասում հայտնվել են բարիկադներ՝ հաղորդում է CNN-Turk հեռուստաալիքը:


Turkish Daily News-ի փոխանցմամբ, նախօրեին ուժային կառույցների հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երկրի քաղաքացիներին հորդորել է պահպանել հանգստություն՝ խոստանալով պարզել անկարգությունների պատճառները եւ պատժել մեղավորներին: «Պետության հիմքը օրենքն է… նրանք, ովքեր փորձում են խախտել խաղաղությունը եւ կայունությունը, պատասխան կտան», - ասել է Էրդողանը:

Թերթը նաեւ հաղորդում է, որ Հաքքյարի նահանգում շուրջ մեկ շաբաթ շարունակվող բախումների հետեւանքով միայն չորեքշաբթի օրը զոհվել է 4 եւ վիրավորվել 15 մարդ: Քրդերը բողոքում են նահանգում հաճախակի դարձած ահաբեկչությունների դեմ՝ մեղադրելով Թուրքիայի անվտանգության ուժերին դրանք կազմակերպելու մեջ :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG