Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյան. «Երեւանի կառուցապատման ծրագրերը որոշ դեպքերում դարձել են ողբերգական»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել պետական մարմիններին՝ հաշվի նստել մարդու իրավունքների հետ:

«Երեւանի կառուցապատման ծրագրերը, հիմքում ունենալով հակասահմանադրական իրավական ակտեր, ի սկզբանե հղի են եղել անցանկալի հետեւանքներով, որոնք որոշ դեպքերում դարձել են ողբերգական», - ասված է հայտարարության մեջ:

«Հակասահմանադրական իրավական ակտերի հիման վրա սեփականազրկված քաղաքացիների զանգվածային դժգոհությունները, հարկադիր կարգով սեփականազրկման գործընթացի հրապարակային դատապարտումները, նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված հրապարակային քննադատությունը չհարկադրեցին պետական մարմիններին եւ հատկապես դատարաններին փոխելու իրենց գործելաոճը եւ վերադառնալու իրավական դաշտ», - փաստել է Լարիսա Ալավարդյանը, - «Դա վկայում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն առաջնային համարելու, այդ անօտարելի իրավունքների եւ ազատությունների հետ հաշվի նստելու նրանց անպատրաստակամության մասին»:

«Հուսով ենք, որ գոնե վերջին ողբերգական դեպքերը կհարկադրեն վերանայել այդ մոտեցումները», - եզրափակել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Հյուսիսային եւ գլխավոր պողոտաներում իրացման եւ զուգահեռաբար կառուցապատման աշխատանքների հետ կապված շարունակվում է Բուզանդի փողոցի բնակիչների բողոքի ակցիան, ովքեր դժգոհում են գնահատման սխալ կարգից եւ վտարման վերաբերյալ դատական անօրինական վճիռներից: Բողոքները լսելի դարձնելու համար բնակիչները դիմում են հացադուլի:

Երեքշաբթի օրը մահացել էր Բուզանդի 9 տնից վտարված Լիլիա Ղազարյանը, ով հարազատների եւ հարեւանների փոխանցմամբ, դատական քաշքշուկի հետեւանքով ստացած սրտի կատվածով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG