Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Միլլի Մեջլիս (խորհրդարան) ընտրված ընդդիմության ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, թե պատրաստ են հրաժարվել իրենց մանդատներից եւ բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, քանի որ ընտրությունները, նրանց համոզմամբ, անցել են մասայական խախտումներով եւ ոչ ժողովրդավարական պայմաններում:

Բաքվի «Զերկալո» թերթի փոխանցմամբ, ընտրողների հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում հրապարակված որոշման տակ ստորագրել են ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքից եւ «Ազգային միասնություն» շարժումից ընտրված բոլոր 9-ը պատգամավորները:

Միեւնույն ժամանակ, «Զերկալոն»-ն մեջբերում է ադրբեջանական ANS հեռուստաընկերության տեղեկատվությունը, ըստ որի, ընդդիմադիր որոշ պատգամավորներ զարմացել են այս հայտարարությունից՝ նշելով, թե այդ մասին վերջնական որոշում դեռ չեն կայացրել:

Մանդատներից հրաժարվելու մասին, մասնավորապես, անտեղյակ էին «Մուսավաթ» կուսակցության անդաները եւ «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչներից ոմանք, իսկ հայտարարության տակ իրենց ստորագրությունները հաստատել են ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին եւ Լալա-Շովքետ Գաջիեւան:

Ադրբեջանի ընդդիմությունը, թերեւս, այս անգամ արդեն վերջնական համատեղ հայտարարությամբ հանդես կգա Բաքվի իշխանությունների կողմից արտոնված՝ նոյեմբերի 19-ի հերթական երթ-հանրահավաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG