Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում Սոթքի եւ Մեղրաձորի հանքերի շահագործման իրավունք ձեռք բերած «Սթերլայթ Գոլդ» (Sterlite Gold) հնդկական ընկերությունը կարող է մոտ ապագայում զրկվել իր արտոնություններից: Պատճառն այն է, որ ընկերությունը խախտել է Հայաստանի կառավարության հետ կնքած պայմանագիրն ու թաքցրել, որ նոր ոսկու հանք է բացահայտել: Բացի այդ, կեղծել է արտահանված ոսկու ծավալների մասին իրական տեղեկությունները:

Հայաստանի կառավարությունն այժմ ուսումնասիրում է խնդրով զբաղվող հատուկ հանձնաժողովի եզրակացությունները: «Սթերլայթ»-ի բաժնետոմսերը միջազգային մակարդակում արդեն 7 անգամ արժեզրկվել են, եւ այժմ խոսակցություններ կան հանքերի նոր տիրոջ մասին:

2002 թվականին Հայաստանը վաճառել էր Մեղրաձորի ու Սոթքի հանքավայրերի կառավարման բացառիկ իրավունքը Արիլ Ագարվալի «Սթերլայթ Գոլդ» ընկերությանը: Առաջին իսկ տարում ընկերությունը հայտարարել էր, որ հումքի վերամշակման արդյունքում արտադրել է գրեթե 103 հազար ունցիա (1 ունցիան՝27.8 գրամ) ոսկի՝ գլխավորապես նախկին տարիներից մնացած պաշարների հաշվին: Սակայն հաջորդ տարվանից արտադրողականությունը կտրուկ նվազել էր. 2003 թվականին կորզվել էր 59 հազար, իսկ 2004-ին՝ շուրջ 66 հազար:

«Սթերլայթ»-ը պնդում էր, որ Սոթքի իրական պահուստները չեն համապատասխանում երկրաբանների հաշվարկներին, բացի այդ, դժգոհում էր տրանսպորտային բարձր ծախսերից, քանի որ հումքը վերամշակելու համար այն անհրաժեշտ էր տեղափոխել 235 կիլոմետր հեռու գտնվող Արարարտի գործարան: Արդյունքում ոսկի արտահանող ընկերությունը նույնիսկ վնասով է աշխատել:

Իրականում, սակայն, «Սթերլայթ Գոլդ»-ը շատ ակտիվ շահագործում էր հանքավայրը՝ նորանոր պահանջներ ներկայացնելով Հայաստանի կառավարությանը: Իսկ երբ դրանք մերժվեցին, հանքավայրը շահագործողները, աշխատողների դիտարկումներով, սկսեցին տարօրինակ՝ ոսկու տիրոջ հոգեբանությանը խորթ աշխատաոճ կիրառել . հնդիկները հանքաքարով հարուստ տեղերից հանքանյութը հանելուց հետո հանքամարմինը ծածկում էին հողով՝ տեղում թողնելով ավելի փոքր տոկոսայնության ոսկին: Սա լուրջ կասկածներ էր հարուցել ոչ միայն ընկերության աշխատակիցների, այլեւ Հայաստանի կառավարության մոտ:

Թանկարժեք քարերի եւ մետաղների բնագավառում աշխարհի խոշորագույն վերլուծական-տեղեկատվական կենտրոններից մեկը՝ «Մայնվեր»-ը, վկայակոչելով հայաստանյան աղբյուրները տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարության եւ «Սթերլայթ Գոլդ»-ի միջեւ տարա ձայնություններն այժմ այնքան խորը եւ սուր են, որ կառավարությունը որոշել է ընդհատել ընկերության հետ կնքած պայմանագիրը, իսկ ընկերությունն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանում իրավիճակը:

Մեկնաբանները չեն բացառում, որ հիմնական բաժնետերերը, անգամ ինքը՝ Արիլ Ագարվալը, տեղյակ չէին Հայաստանի կառավարության եւ «Սթերլայթ Գոլդ»-ի միջեւ ծագած խնդիրների մասին:

Վերջին տվյալներով, ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ «Սթերլայթ Գոլդ»-ի հետագա ճակատագիրը չորեքշաբթի երեկոյան պետք է քննարկվեր Լոնդոնում՝ բաժնետերերի ընդհանուր ժողովում, սակայն այդ մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG