Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյանը միացել է հանրաքվեն բոյկոտելու ընդդիմության կոչին


«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես եղամյանը երեքշաբթի օրը միացել է ընդդիմադիր «18+8» ֆորմատին եւ համատեղ հայտարարել նոյեմբերի 27-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու մտադրության մասին: Մինչ այդ Արտաշես Գեմանյանը եւ համարյա բոլոր ընդդիմադիր առաջնորդները մասնակցում էին «ոչ»-ի քարոզարշավին, իսկ այժմ գտնում են, որ բայկոտի դեպքում իշխանությունների համար շատ դժվար է լինելու ապահովել հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ քվորումը:

«Ոչ»-ից դեպի բոյկոտ ճանապարհը թելադրված է նրանով, որ քարոզարշավի ընթացքում ընդդիմությանը եթերում իր տեսակետն արտահայտելու համարժեք հնարավորություն չի տրվել, այլընտրանքային տեսակետն ընտրողին հասու չի դարձել», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արտաշես Գեղամյանը:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին դեմ հանդես եկող ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ հեռուստաընկերությունները մինչեւ հիմա հրաժարվում են ընդունել ընդդիմության ցանկացած գովազդային հոլովակ, եթերը տրամադրելով միայն «այո»-ն քարոզող հոլովակներին:

«Այո»-ն համակարգող խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը երկուշաբթի օրը կայացած ասուլիսում հաստատել էր, որ Հայաստանի հեռուստաընկերություններով «կողմ» քվեարկել հորդորող գովազդային հոլովակները իշխանական կոալիցիան կազմող երեք կուսակցությունների համար անվճար են:

«Սահմանադրական փոփոխությունները դատապարտված են մեր ժողովրդի կողմից մերժման: Դա ակնհայտ է բոլորիս համար, որովհետեւ չկողմնորոշված մարդը, ով զրկված է լսել ընդդիմության կարծիքը, կուրորեն չի գնա եւ չի քվեարկի այս սահմանադրական փոփոխությունների օգտին», - համոզված է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը:

Առաջիկա օրերին ընդդիմության առաջնոդները կքննարկեն, թե բոյկոտն ինչ մեխանիզմներով են իրականացնելու. պետք է բացարձակապես մասնակցելուց հրաժարվել, թե հենց քվեարկության օրը կեղծիքները վերահսկող մարտավարություն մշակել: Չի բացառվում նաեւ, որ բոյկոտի հայտարարությանը հետեւելու է ընտրական բոլոր հանձնաժողովներից ընդդիմության ներկայացուցիչներին, վստահված անձանց եւ դիտորդների ետ կանչումը։

«Ազգային միաբանության» առաջնորդը նաեւ հայտնեց, որ հենց հանրաքվեի հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին կուսակցությունը կհայտարարի, թե ինչ է անելու: «Ընտրակեղծիքով հաստատված Սահմանադրությունը չարիք է լինելու մեր ժողովրդի գլխին, եւ արդեն իսկ սկիզբ է դառնալու իշխանափոխության համար», - ասաց Արտաշես Գեղամյանը:

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG