Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադ. «Իրանը պատրաստ է մասնակցել նավթագազային եւ էներգետիկ ոլորտներում հայկական նախագծերի իրագործմանը»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեքշաբթի օրը հայտարարել է, թե Իրանը պատրաստ է Հայաստանի հետ կիսել տնտեսական ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաեւ մասնակցել նավթագազային եւ էներգետիկ ոլորտներում հայկական նախագծերի իրագործմանը:

«Անհրաժեշտ է ձգտել խաղաղության, բարեկամության եւ փոխադարձ աջակցության ամրապնդմանը Կասպից ավազանի երկրների միջեւ», - ըստ «ԻՐՆԱ» գործակալության, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ շեշտելով վաղեմի եւ սերտ հայ-իրանական կապերի առկայությունը:

Մահմուդ Ահմադինեջադը բարձր է գնահատել առեւտրատնտեսական համագործակցության հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության արդյունքները եւ արտահայտվել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ բազմաբնույթ համագործակցության հետագա ընդլայնման օգտին:

«Իրանի կառավարության քաղաքականությունն ուղղված է Հայաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացման վճռական աջակցությանը, հատկապես ուղղված երկու երկրների համակողմանի զարգացմանը», - հայտարարել է Իրանի նախագահը:

Արտաշես Թումանյանը, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Իրանի ղեկավարությանը Հայաստանի բազմակողմանիորեն աջակցելու համար եւ արտահայտվել է հայ-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ ընդլայնման օգտին քաղաքականության եւ տնտեսության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG