Մատչելիության հղումներ

«ԱՊՀ երկրներից առավել նշանակալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանում»


Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է անցումային երկրներին վերաբերող իր տարեկան զեկույցը, որտեղ բարձր գնահատականներ են տրված Հայաստանի տնտեսական ձեռքբերումներին։

«ԱՊՀ երկրներից առավել նշանակալի տեղաշարժեր գրանցել են հարավկովկասյան երկրների եռյակը, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Մոլդովան։ Իսկ սրանց մեջ առավել մեծ առաջընթաց արձանագրվել է Հայաստանում», - նշվում է Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներ ներառող զեկույցում:

«Հայաստանի առաջատար դիրք է զբաղեցնում երեք հիմնական ցուցիչների՝ խոշոր մասնավորեցման գործարքների, գործարար միջավայրի բարելավման եւ բանկային համակարգի բարեփոխումների առումով արձանագրված աճի տեմպերով», - ասված է զեկույցում:

ՎԶԵԲ-ի փորձագետները փաստում են, որ Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է գների կայունությանը (ցածր սղաճին) միտված կոշտ դրամավարկային քաղաքականությունը։ Հայաստանի տնեսության զարգացումների համար իբրեւ առանցքային ռիսկ եվրոփորձագետները առանձնացրել են դրամի հետագա հնարավոր ուժեղացումը, ինչպես նաեւ ֆինանսական կախվածության աստիճանի մեծացումը միջազգային դոնորներից եւ արտաքին ֆինանսական կառույցներից։

Իբրեւ տնտեսական աճի գլխավոր գործոն Եվրոբանկի փորձագետները մատնանշել են արտաքին մասնավոր դրամական փոխանցումների կտրուկ աճը՝ 2004 թվականին մոտ 50 տոկոսով, համեմատած 2003 թվականի հետ։ 2004 թվականի վերջին արդեն դրանք մոտ էին 740 միլիոն դոլարի սահմանագծին։

«Այդուհանդերձ, Հայաստանի բանկային համակարգի «աքիլլեսյան գարշապարը» մնում է չափազանց ցածր ֆինանսական միջնորդության աստիճանը։ Այս ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ վերջին տեղերից մեկում է», - փաստել են փորձագետները։

Եվրոպական փորձագետները Հայաստանի տնտեսության զարգացումների համար մի շարք անբարնպաստ զարգացումներ են առանձնացրել, մասնավորապես, շեշտել են, որ վերջին երեք տարիներին ետընթաց է գրանցվել հատկապես կոռուպցիայի նվազեցման բնագավառում։ Հայաստանն այն իննը երկրների (Ադրբեջան, Ղրղզստան, Ռուսաստան, Սերբիա, Մակեդոնիա, Հունգարիա, Չեխիա, Լիտվա, Հայաստան) ցանկում է, որտեղ, ըստ ՎԶԵԲ-ի փորձագետների, կոռուպցիան աճել է։

2001-2004 թվականներին Հայաստանի տնտեսական բարձր աճի առանձնահատկություններից մեկը, ըստ Եվրոբանկի, բարձր եկամուտների եւ արտաքին մասնավոր օգնությունների ազդեցությունն է։ «Շնորհիվ, բարձր տնտեսական աճի, ինչպես նաեւ հարկային վարչարարության խստացման հնարավոր է դարձել պետական բյուջեի հարկային մուտքերի շոշափելի ավելացումը, նշել են փորձագետները՝ փաստելով, որ «դեռեւս ցածր է մնում հարկագանձման մակարդակը՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 15 տոկոսին համապատասխան ցուցանիշը ամենացածրերից մեկն է ԱՊՀ երկրներում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG