Մատչելիության հղումներ

«ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահների հանդիպման վերաբերյալ առաջարկին դեռ պատասխան չի ստացել»


Եվրոպայում անվտանգության եւ խաղաղության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե համանախագահները դեռ պատասխան չեն ստացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հունվարին հանդիպում կազմակերպելու նախաձեռնության վերաբերյալ:

«Մենք նամակներ ենք հղել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին մեզ դեկտեմբերի կեսին ընդունելու խնդրանքով: Այնտեղ կան նաեւ այլ առաջարկներ: Դրանք միայն առաջարկներ են, իսկ թե ինչպիսի արձագանք կստանան, ես դեռեւս չեմ կարող ասել», - ըստ «Թրենդ»-ի ասել է Մերզլյակովը:

Ռուսաստանցի դիվանագետը նաեւ հույս է հայտնել, որ կողմերը կպատասխանեն դեկտեմբերի 5-6 Լյուբլյանայում կայանալիք միջնորդների հանդիպմանը Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Նրա խոսքերով, համանախագահները, ըստ երեւույթին, առանձնազրույցներ կունենան նախարարների հետ:

«Քանի որ երկու նախարարները չափազանց ծանրաբեռնված են, միջազգային համաժողովների ընթացքում դժվար է նույնիսկ 2-ժամանոց համատեղ հանդիպում ունենալ, իսկ 15 րոպեն մեզ համար բավարար չէ: Այդ պատճառով մենք առանձնազրույցներ կունենանք, կշարադրենք մեր առաջարկները, կլսենք յուրաքանչյուրին», - ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը՝ ավելացնելով, թե «հնարավոր է նաեւ համանախագահների եւ նախարարների ոչ ֆորմալ ընդհանուր հանդիպում»:

Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը «Թրենդ»-ին հայտնել է, թե «պաշտոնական Բաքուն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպումով»:

«Հնարավոր է, որ ինչ-որ աղբյուրներով նա [Հայաստանի նախագահը] նման լուր է ստացել, բայց ես նման առաջարկ չեմ ստացել: Եթե նման առաջարկ, այնուամենայնիվ, լինի, ապա մենք շահագրգռված ենք նման հանդիպան անցկացմամբ: Կազանում կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը վճռական է նման կոնսուլտացիաները շարունակելու հարցում: Միայն թե բանակցություններում լինի արդյունք, հնարավոր լինի հասնել ինչ-որ առաջընթացի», - հայտարարել է Նովրուզ Մամեդովը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցած հինգշաբթի օրը Աթենքում հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին գրավոր հորդորել են հունվարին հանդիպում անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG