Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն իսլամական կայունությունը դիտարկում է որպես մարտահրավեր


ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեր Լելուշը հայտարարել է, թե ապագայում ՆԱՏՕ-ի համար մեծագույն մարտահրավերներից մեկը լինելու է կայունությունը Եվրոպան շրջապատող տարածաշրջաններում, մասնավորապես, մահմեդական աշխարհում:

«Այդ կայունությունը չափազանց կարեւոր է եւ պետք է իրականացվի ոչ միայն պարտադրված գործողությունների, այլեւ տնտեսական եւ ժողովրդավարակերտ միջոցներով, քանի որ աղքատությունը եւ անտարբերությունը կրոնի քաղաքական շահագործման, հետեւաբար նաեւ՝ ահաբեկչության հիմքում են», - «Ֆրանսպրես»-ին ասել է Պիեր Լելուշը:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը նաեւ նշել է, թե միջազգային հանրությունը պետք է արագ արձագանքի անվտանգության ոլորտում ծագող խնդիրներին:

«Մենք նաեւ պետք է ի զորու լինենք իրականացնել կանխարգելիչ գործողություններ եւ փորձենք կառուցել ժողովրդավարական եւ տնտեսական մոդելներ, որոնք կխթանեն երիտասարդների հույսը ապագայի հանդեպ: Հակառակ դեպքում դեպքերի զարգացումը ուղիղ տանում է դեպի բռնություն», - հայտարարել է Լելուշը:

Ուրբաթ օրը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը, որի քննարկման հիմնական թեմաները միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը ՆԱՏՕ-ի մասնակցության հարցերն են:

Նստաշրջանի առաջին օրը կայացել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդարանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի ուշադրության են արժանացել նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու տարածաշրջանի վրա Ռուսաստանի ազդեցությունը:

Հարավային Կովկասը, ըստ «Ֆրանսպրեսի», հյուսիս-ատլանտյան դաշինքի համար առաջնային կարեւորություն ունի՝ հաշվի առնելով տարածաշրջանի մոտ լինելը Իրաքին, Իրանին, Ռուսաստանին եւ Աֆղանստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG