Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում հայտարարվելու է «միգրացիոն համաներում»


Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել 2006 թվականին Ռուսաստանում «միգրացիոն համաներում» հայտարարելու մասին օրինագիծը, որով ռուսաստաբնակ բազմաթիվ միգրանտներ օրինական դաշտ կբերվեն: Համաներումը կանցկացվի Ռուսաստանի 8 շրջաններում եւ կվերաբերի միայն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների շուրջ 1 միլիոն քաղաքացիներին:

Տարբեր աղբյուրների եւ փորձագետների կանխատեսումներով, Ռուսաստանում 2050 թվականին ապրելու է 100-120 միլիոն մարդ: Առանց միգրանտների հոսքի Ռուսաստանը ուղղակի ի վիճակի չի լինի գոյատեւել, ինչը սկսել են հասկանալ նաեւ Ռուսաստանի իշխանությունները:

Ռուսաստանի միգրացիոն ծառայության արտաքին աշխատանքային միգրացիայի վարչության պետ Վյաչեսլավ Օստավնինը հայտարարել է, թե եկող տարի առաջին անգամ Ռուսաստանում ապօրինի միգրանտներին կամ, ինչպես Մոսկվայում են ասում, «գաստերբայթերներին», շնորհվելու է ներում: Նրանք հեշտացված ճանապարհով կստանան Ռուսաստանում ապրելու եւ աշխատանքի վկայականներ:

Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալներով, երկրում այսօր ապրում է 5-ից 15 միլիոն ապօրինի միգրանտ, ընդ որում, 80 տոկոսը՝ ԱՊՀ երկրներից:

Բացի այդ, սպասվում է, որ 2006 թվականին սկսկի գործել ժամանակավոր գրանցման մասին նոր օրենք, որով արտասահմանցին հնարավորություն կունենա անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ արդեն հեշտացված կարգով:

Ռուսաստանում այսօր գործող օրենքները այն աստիճան խիստ ու բարդ են, որ մարդիկ գերադասում են ապօրինի ապրել եւ անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը ստուգող ոստիկանին մի քանի հարյուր ռուբլի կաշառք տալ:

Վյաչեսլավ Օստավնինի խոսքերով, հեշտացված կարգով արդեն օրինական փաստաթղթեր են ստացել շուրջ 2000 միգրանտներ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում: Այնուամենայնիվ, անկախ փորձագետներից շատերը կարծում են, որ Կրեմլը այսօր չունի միգրանտների վերաբերյալ մտածված ծրագիր:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ շարքային մոսկվացիների շրջանում աճում են ազգայնամոլ տրամադրությունները. ռուսաստանցիների մոտ 63 համարում է, որ միգրանտների պատճառով ավելացել է քրեական հանցագործությունների թիվը, իսկ 60 տոկոսը գտնում է, որ միգրանտների պատճառով տեղի բնակիչությունը զրկվում է նոր աշխատատեղերից:

Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG