Մատչելիության հղումներ

Ազգային Ժողովը ձայների 86 «կողմ», 0 դեմ եւ «ձեռնպահ» հարաբերակցությամբ ուրբաթ օրը ընդունեց 2006 թվականի, կոալիցիայի բնութագրմամբ, «մեկ միլիարդանոց բյուջեն», որը նախատեսում է հանրային ծախսերի 22 տոկոսի աճ: Մինչ այդ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ պատգամավորները կառավարությանն ուղարկել էին 552 առաջարկ, գործադիրը դրանցից ընդունել է ընդամենը 90-ը:

Վարդան Խաչատրյանը արձանագրեց, որ հաջորդ տարի Հայաստանի բյուջեի եկամտային մասը 412.4 միլիարդ դրամ է կազմելու, նախօրոք առաջարկված 382-ի դիմաց, իսկ ծախսային մասով՝ 482.2 միլիարդ նախկին 451-ի դիմաց: Դեֆիցիտը, ֆինանսների նախարարի հավաստմաբ, 69.8 միլիարդ է եւ փակվելու է ներքին աղբյուրների շնորհիվ: 3 միլիարդ տարեսկզբից մնացած միջոցների հաշվին, մյուս մասը՝ սեփականաշնորհումից գոյացած գումարների ու նաեւ արտաքին վարկերի շնորհիվ:

Պատգամավորներից ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, թե ինչն է պատճառը, որ կառավարությունը մերժում է իրենց 362 առաջարկությունները, որտեղ նաեւ գործադիրի ծախսերը կրճատելու առաջարկն էր ներառված: Միայն «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը ելույթի ժամանակ անդրադարձավ քննարկումների պասիվությանը:

Կառավարության հիացմունքի առիթ Թաթուլ Մանասերյանը չտեսավ. «Դուք փորձե՞լ եք 15 հազար դրամով ապրել: Եվ ինչու՞ եք այդքան հիացած 15 հազար դրամ նվազագույն աշխատավարձը հասցնելով»:

«Ցանկանում եմ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին, առաջին հերթին կոալիցիայի երեք կուսակցություններին, եւ նրանց, ովքեր եթե քվեարկությանը ներկա էլ չէին, ապա ակտիվորեն մասնակցեցին բյուջեի քննարկմանը. դա վերաբերում է ընդդիմությանը», - բյուջեի ընդունումից հետո նշեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը բարեմաղթանք հղեց ընդդիմադիր գործընկերներին. «Կառավարությունը բերում է այն ծրագիրը, որը ձեւավորվում է մեր երեք կուսակցությունների համատեղ ջանքերով: Վերադարձեք եւ լրաժեքորեն աշխատեք: Սա ձեր տունն է, էյստեղ դուք պարտականություններ ունեք, ոչ մեր՝ հասարակության առջեւ»:

Ընդդիմության ներկայացուցիչներից միայն երկուսը՝ Թաթուլ Մանասերյանը եւ «Ազգային միաբնությունից» Աղասի Արշակյանն էին դահլիճում ու լսեցին այս ուղղերձը: Սակայն քվեարկությանը նրանք ընդհանրապես չմասնակցեցին:

Իսկ ամենաբարձրը Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի տրամադրությունն էր. «Կապված է ավանդների խնդրի լուման հետ: Ինձ թվում է մի բաժակ շամպայն կարելի է բարձրացնել՝ խմելու տասնյակ հազարավոր թոշակառուների կենացը, ովքեր իրենց գումարը 2006-ից կսկսեն ստանալ»:

«Ձեր կարծիքով թոշակառուներն այսօր Ձեր կենացը կխմե՞ն»՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, խորհրդարանի խոսնակը պատասխանեց. «Ես 18 հազար շնորհակալական նամակ եմ ստացել արդեն, ինձ թվում է, որ մարդիկ կլինեն, որ անպայման կխմեն»:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG