Մատչելիության հղումներ

Ժանդարմական ջոկատը շարունակում է մնալ Ախալքալակում


Վրաստանի ազգային անվտանգության նախարարության կոնֆլիկտային շրջանների արագ արձագանքման՝ Ախալքալակում տեղակայված հատուկ ջոկատը (ժանդարմերիա), չնայած իշխանությունների այստեղից տեղափոխելու խոստումներին, շարունակում է մնալ Ախալքալակում:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, ջոկատում աշխատել տեղացի հայերին շահագրգռում է միայն բարձր աշխատավարձը՝ մոտ 600-800 լարի (300-400 դոլար): Այս ջոկատում արդեն ավանդույթ դարձած սովորության համաձայն, զինվորներն ամեն ամիս աշխատավարձից 100-ական լարի «փոխանցում» են ջոկատի հրամանատարությանը, եւ դա այն դեպքում, որ Վրաստանի նախագահը երկրում լուրջ պայքար է ծավալել կոռուպցիայի դեմ:

Հոկտեմբերի 5-ին Ախալքալակում՝ Սամցխե - Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ, ոստիկանները ցրել էին շուրջ երեք հարյուր ցուցարարների, ովքեր բողոքում էին Թբիլիսիից ժամանած Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խանութների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի էին ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

Ախալքալակի քաղաքապետ Նաիրի Իրիցյանը պնդում էր, որ «ժանդարմերիա կոչվածը գործում է միայն Ջավախքում եւ Ծալկայում, այդ ծառայության կազմում ընդգրկված են տեղացի հայեր եւ այս ձեւով Վրաստանի իշխանությունները փորձում են տեղի հայերի միջոցով ճնշել ջավախահայությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG