Մատչելիության հղումներ

Բուդյոնովսկում արդեն երրորդ անգամ պղծվել է հայ-ռուսական բարեկամության հուշարձանը


Ռուսաստանի Ստավրոպոլ երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում հինգշաբթի օրը այս տարի արդեն երրորդ անգամ պղծվել է «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» հուշարձանը, որն ընկալվում է նաեւ իբրեւ հայ-ռուսական բարեկամության հուշարձան:

«Կան ուժեր, որոնց ձեռնտու է հայ-ռուսական բարեկամության հուշարձանի ոչ թե գոյությունն, այլ ավերակները: Այդ դեպքում թող ավերակներն էլ մնան», - ըստ Ստավրոպոլի «Երկրամաս» թերթի, ասել է քաղաքային հայ համայնքի ղեկավար Պետրոս Մկրտչյանը:

Նրա խոսքերով, հայ համայնքն ու Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները խիստ վրդովված են այդ բարբարոսությամբ եւ այդ մասին դիմում են ներկայացնելու քաղաքապետին, քաղաքային Դումայի նախագահին եւ Բուդյոնովսկի ոստիկանապետին, սակայն վերականգնել խաչքարը Բուդյոնովսկի հայկական համայնքն այլեւս մտադիր չէ:

«Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» համալիրի բացումը տեղի էր ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 17-ին: Առաջին անգամ բարբարոսական գործողություն էր կատարվել այս տարվա փետրվարին: Այն ժամանակ տուժել էին հուշարձանի եւ ռուսական, եւ հայկական կողմերը. ռուսական կողմից պոկվել էին «1799-2004» թվերը, իսկ հայկական կողմից այդ թվերը, որոշ չափով նաեւ «Սուրբ Խաչ» գրությունը: Հին եկեղեցական զանգը չէր տուժել, քանի որ այն որոշվել էր չթողնել հուշարձանի վրա, այլ փոխանցել եկեղեցու պահպանությանը:

Հաջորդ անգամ հուշարձանը վնասվել էր հուլիսին, երբ կոտրվել էին լուսարձակները, բետոնի բեկորները վնասել էին Խաչքարը, կամարի տակ կատվի դիակ էր հայտնաբերվել, իսկ կամարի վրա սպորտային կոշիկների ոտնահետքեր էին թողնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG