Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը դեմ է հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ուրբաթ օրը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

«Այդ հարցը առաջին հերթին պայմանավորված է խաղաղապահ ուժերի մանդատով, իսկ մենք դեռ չենք էլ սկսել մշակել այն: Այսինքն, եթե խոսենք, թե ինչպես է դա լինելու, ապա կողմերը պետք է հասկանան, որ այդ ուժերը չեն կարող ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից կամ հարակից պետություններից որեւէ մեկին», - ըստ «Թրենդ»-ի, ասել է Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ այս հարցի շուրջ ընդհանուր մոտեցում կա եւ’ Ադրբեջանում, եւ’ Հայաստանում եւ’ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ:

«Եթե Հարավային Կովկասում խաղաղապահ գործողություն իրականացվի, ապա դա կլինի միայն ԵԱՀԿ շրջանակներում», - հայտարարել է Մամեդյարովը:

Շաբաթասկզբին Երեւանում «Խնդիրներն ու հնարավորությունները Սեւծովյան տարածաշրջանում եւ երիտասարդության դերը տարածաշրջանում կայունություն հաստատելու գործընթացում» սեմինարում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդս Ռաժուկսը հայտարարել էր. «ՆԱՏՕ-ն պատրաստ է իր խաղաղապահ զորքերը տեղակայել Հարավային Կովկասում, եթե դա անհրաժեշտ լինի, եւ այդ համատեքստում դաշինքի համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ չափազանց կարեւոր է»:

Ռաժուկսը միեւնույն ժամանակ նշել էր, թե «խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն հենց հակամարտող կողմերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG